Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչությունը միջազգային ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել՝ «Հյուսիսային հոսք» գազատարների վնասման հետ կապված։ Այս մասին հայտնում է ՌԴ գլխավոր դատախազության կայքը։ «Ոչ ուշ, քան 26.09.2022-ը, Բորնհոլմ կղզու մերձակայքում կանխամտածված գործողություններ են իրականացվել՝ Բալթիկ ծովի հատակով անցկացված «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները վնասելու նպատակով: Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության (միջազգային ահաբեկչություն) նշանների առկայության կապակցությամբ, համաձայն Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից ուղարկված նյութերի, ՌԴ Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՌԴ ԱԴԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Սկսվել է նախաքննություն»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի ճյուղերից մեկում (գիծ A) ճնշման նվազում է գրանցվել։ Միջադեպը տեղի է ունեցել Բորնհոլմից հարավ-արեւելք՝ Դանիայի ԲՏԳ-ում։ |