ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Կառավարությունը հաստատեց դպրոցի տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը
12:30, 29.09.2022 | mamul.am
3342 | 0

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում սահմանեց դպրոցի ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցառման գլխավոր նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրումը, որով տարակարգի շնորհման հիմք է ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը, Վերապատրաստող և Հետազոտող ուսուցիչների համար՝ կամավոր ատեստավորման համապատասխանաբար 70 և 80 տոկոս արդյունքի մասին հավաստող փաստաթղթի առկայություն։ Նախորդից հաջորդ տարակարգի շնորհման ճկունությունը թույլ կտա տարակարգերի շնորհման մեխանիզմին իրապես խրախուսող և խթանող դեր խաղալու:

Ուսուցիչների զարգացման մոտիվացիան խթանելու համար 2012 թվականին ներդրվել է որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը, որը շնորհվում էր 5 տարի ժամկետով: Այս համակարգը գործում էր կամավորության սկզբունքով՝ ուսուցչի նախաձեռնությամբ: Համակարգը գործում էր հերթականության սկզբունքով՝ որակավորման առաջին աստիճանի տարակարգ ստանալուց հետո երկրորդ աստիճանի տարակարգի համար ուսուցիչը կարող է դիմել միայն 2 տարի անց, երրորդի համար՝ երկրորդը ստանալուց 3 տարի անց և չորրորդ աստիճանի տարակարգի համար՝ երրորդը ստանալուց 4 տարի անց:

Այսինքն, ընդհանուր առմամբ չորրորդ` բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու և աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար ստանալու համար ուսուցչից պահանջում էր առնվազն 9 տարի: 2021 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37500 ուսուցիչներից որակավորման տարակարգ շնորհվել է 2321 ուսուցչի, որից 2154-ին՝ առաջին, 160-ին՝ երկրորդ, 7-ին՝ երրորդ աստիճանի: Որակավորման չորրորդ աստիճանի տարակարգ որևէ ուսուցչի չի շնորհվել:

Ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր կարգը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական զարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը:

Ըստ տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման՝ տրվել են բնութագրող անվանումներ՝ 1-ին և 2-րդ տարակարգի դեպքում՝ Ավագ և Հմուտ ուսուցիչ, 3-րդ և 4-րդ տարակարգի դեպքում՝ Վերապատրաստող և Հետազոտող ուսուցիչ։

3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին որպես մասնագիտական ցարգացմանը խթանող կարևոր լուծում:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր կարգը թույլ կտա մեծացնելու համակարգի արդյունավետությունը, խրախուսելու զարգացման հնարավորությունները, նպաստելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը: Մասնավորապես, համակարգում ուսուցչի մասնագիտական չափանիշների ներառումը հնարավորություն է տալիս հստակեցնելու ուսուցչի աշխատանքային առաջխաղացման հեռանկարը, այն դարձնելու չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցելու վարձատրության համակարգին՝ տարակարգերի շնորհման միջոցով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր