ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնն այս տարի նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին
01:06, 30.09.2022 | mamul.am
2129 | 0

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Աբովյան 2) տեղի կունենա Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 2-ը՝ ներառյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ ծրագիրն է: Փառատոնի բաղադրիչներն են՝ 25-40 տոկոս զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում են ավելի քան 35 հրատարակչություններ և մշակութային կազմակերպություններ, «Արձակ», «Չափածո», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում գրական մրցույթը, որին մասնակցել է 165 գրող: Տեղի կունենան ավելի քան 60 շնորհանդեսներ, պանելային զրույցներ, վարպետության դասեր, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումներ:

Այս տարի Գրքի երևանյան փառատոնն ունի միջազգային ընդգրկում. կմասնակցեն անվանի գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Սերժ Վենտուրինին, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և տասնյակ ուրիշներ։

Համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը, Հովհաննես Թումանյանի թանգարանում, Հայաստանի գրողների միությունում:

Փառատոնն այս տարի նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին:

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Գրքի երևանյան փառատոնի փակման արարողությունը և գրական մրցանակաբաշխությունը տեղի կունենան հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Աբովյան 2): Կհայտարարվեն «Արձակ», «Չափածո», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում հաղթողների անունները:

Գրքի երևանյան փառատոնի ծրագրին ծանոթացեք հետևյալ հղմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր