ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+2 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Ադրբեջանը հրթիռակոծել է Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը». Սանոսյան
18:42, 29.09.2022 | mamul.am
8311 | 1

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց են ներկայացվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին դիմավորել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նրանք այցելել են Կութ համայնք, այնուհետև Վարդենիսում Գնել Սանոսյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը ներկայացրել են իրավիճակը:

Իր խոսքում Գնել Սանոսյանը մասնավորապես նշել է, որ իրենք այցելել են 2 բնակավայր, այնինչ Գեղարքունիքը նման իրավիճակում հայտնված 12 բնակավայր ունի: «Թշնամին մեր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները թիրախավորել է, այդ մասին է խոսում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վիրավորների քանակը՝ 4 զոհ, 6 վիրավոր: Բազմաթիվ ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, տներ, արտադրամասեր, էլեկտրական հաղորդման գծեր, կամուրջներ, գազի խողովակներ և դա՝ ոչ թե 1-2 վայրում, այլ համատարած: Հրթիռակոծվել է նաև Կեչուտի ջրամբարը»,- ասաց Սանոսյանը:

Նա առանձնապես շեշտեց, որ հրթիռակոծվել են Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը: «Գիտեք, որ Հայաստանը բավականին մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանում Իրան: Կարող է թվալ, որ պատահաբար է հրթիռակոծվել Էլեկտրահաղորդման գիծը: Բայց երբ 12 ժամ շարունակ մեր մասնագետներին չթողեցին մոտենալ ու վերականգնել, ամեն անգամ նրանց ուղղությամբ կրակում էի, դա արդեն միտումնավորության ապացույց է: Մենք ստիպված եղանք ավելցուկային այդ իրավիճակում ատոմակայանի ու մյուս էլեկտրակայանների հզորություններն իջեցնել ու կիսով չափ նվազեցնել: Դիտավորյալ խախտվեց մեր ամբողջ էներգետիկ համակարգը»,- նշեց նա:

«Ադրբեջանը հրթիռակոծել է Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը». Սանոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր