ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.12, EUR 410.25, RUB 6.49, GBP 474.58
+9 °C, +4 °C ... +10 °C Վաղը`+9 °C
ՊՆ մամուլի քարտուղարը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հայտարարության մասին
16:12, 30.09.2022 | mamul.am
7002 | 2

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պարզաբանել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի հայտարարությունը, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը: Արամ Թորոսյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:

Հարց - Ի՞նչ էր ակնարկում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, երբ ասուլիսի ընթացքում ասաց, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը։

Պատասխան - ԳՇ պետի տեղակալը տվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր առաքելության ընդհանրական բնութագիրը, այն է՝ պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքն արտաքին սպառնալիքներից։ Այդ ձևակերպման մեջ որևէ արտառոց կամ նոր բան չկա։

Հարց - Այսինքն տվյալ ձևակերպումը որևէ գործողության մասին ակնարկ չէ՞ր։

Պատասխան - Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ։ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը խոսել է զինված ուժերի գլխավոր առաքելության՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության մասին։ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ այս պահին գործի է դրված դիվանագիտական ողջ գործիքակազմը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր