ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+6 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+7 °C
«Փաշինյանը խոսում է ամեն ինչից, բացի կոնկրետ լուծումներ ու ելքեր առաջարկելուց». Նորայր Նորիկյան
16:24, 01.10.2022 | mamul.am
2259 | 0

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Հանրային հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցի ժամանակ Ն․ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի, Արցախի կարգավորման, ներքաղաքական որոշ զարգացումների, խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարի, բանակի մատակարարումների և բանակում առկա խնդիրների մասին։
Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, բացի կոնկրետ լուծումներ ու ելքեր առաջարկելուց։ Մասնավորապես, այդպես էլ չի տրվում հետևյալ ռազմավարական հարցերի պատասխանները․
1. Եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան պատրաստ չեն ճանաչել Արցախի անկախությունը, հետևաբար՝ ի՞նչ լուծում են առաջարկում նրանցից յուրաքանչյուրը և ինչպե՞ս են պատկերացնում Արցախի կարգավիճակի հստակեցումն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:
2. Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առկա աշխարհաքաղաքական իրողության պայմաններում այսօր ունակ են համատեղ լուծել Արցախի հակամարտությունը, թե՞ ոչ։
3. Այս պայմաններում ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում պահպանվո՞ւմ է, արդյոք, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման գաղափարը, թե՞ ոչ։ Հայաստանը շարունակե՞լու է աջակցել Արցախի ինքնորոշման համար Արցախի ժողովրդի պայքարին, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս, եթե ոչ՝ ինչո՞ւ։
4. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուժով Ադրբեջանը դուրս բերելո՞ւ է իր զինված ուժերը ՀՀ տարածքներից, թե՞ ոչ, եթե ոչ, Հայաստանն ինչպե՞ս է վերականգնելու իր ինքնիշխանությունն Ադրբեջանի կողմից զավթված տարածքների վրա։ Պատերազմո՞վ։ Հետևաբար՝ ի՞նչ խաղաղության պայմանագրի կնքման մասին կարող է խոսք գնալ, քանի դեռ Ադրբեջանը չի հանել իր զորքերը ՀՀ զավթած տարածքներից։
5. Ո՞րն է եղել Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու իրական առիթն ու պատճառը՝ դիրքային առավելության հասնե՞լու, Սյունիքի մարզը գրավե՞լու, Հայաստանի նկատմամբ հոգեբանական և այլ բնույթի ճնշում գործադրե՞լու, թե՞ այլ խնդիր է լուծել Ադրբեջանը։
6. Հայաստանը ներկայումս հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիրը։ Ի՞նչ է արվել ՀԱՊԿ մեխանիզմները գործողության մեջ դնելու համար։ Կոնկրետ ո՞ր երկրներն են արգելակում այդ մեխանիզմների կիրառումը և ի՞նչ հիմնավորմամբ։ Հայաստանն ի՞նչ է անում այդ արգելակումները հաղթահարելու ուղղությամբ։ Կա՞, արդյոք, թեկուզ նվազ ակնկալիք, որ ՀԱՊԿ-ն կունենա որոշակի ազդեցություն՝ ՀՀ ինքնիշխան տարածքները ադրբեջանական զավթումից ազատելու հարցում, եթե ոչ, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը։
7. Արդյո՞ք Ռուսաստանն իրականում ցանկանում է լուծել Արցախի հակամարտությունը, եթե այո, ապա՝ ինչպե՞ս, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը։
8. Արդյո՞ք Ռուսաստանն իրականում ցանկանում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր, եթե ոչ, ինչպե՞ս է հաղթահարվելու այս իրողությունը։
9. Ո՞րն է իրական պատճառը, որ դաշնակից պետությունը հրաժարվում է կատարել ստանձնած պարտավորությունը և չի մատակարարում միլիոնավոր ԱՄՆ դոլար արժողությամբ սպառազինությունը։
10. Ինչո՞ւ ուղղակի գործողության մեջ չի դրվել կամ դրվում Հայաստան-Ռուսաստան երկկողմանի կնքված պայմանագրերով ամրագրված մեխանիզմները։ Ի՞նչ պատասխան է ստացել Հայաստանը ՌԴ-ից։
11. Ադրբեջանն իսկապե՞ս ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, թե՞ ժամանակ է ձգում, կամ, այլ կերպ ասած, իրականում ի՞նչ է Ադրբեջանի ուզածը:
12. Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որտե՞ղ են համադրվում ու հակադրվում Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերը: Իսկ այդ շահերի համադրման կամ հակադրման ընթացքում ի՞նչ հավանական ռիսկեր ու վտանգներ կան Հայաստանի կամ Արցախի համար:
13. Իսկապե՞ս Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կնքել խաղաղության պայմանագիր, եթե Ռուսաստանի դիրքորոշումն այս պահին այն է, որ Արցախի կարգավիճակը պետք է թողնել ապագային։ Այլ կերպ ասած, միջազգային հանրության մոտ իսկապե՞ս գերակշռում է այն ընկալումը, որ Արցախի կարգավիճակի հստակեցումը դուրս է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի համատեքստից։
14. Ներկա հանգրվանում օբյեկտիվորեն Հայաստանն ունի՞ որևէ կարողություն՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որևէ նոր օրակարգ ձևավորելու և առաջ մղելու համար, եթե այո, ապա ո՞րն է այդ օրակարգը։
15. Եթե տապալվում է «Խաղաղության դարաշրջանի» օրակարգը, Հայաստանն արդյո՞ք ունի այլընտրանքային օրակարգ, թե՞ ոչ, կամ ո՞րն է դեպքերի զարգացման Բ տարբերակը։
16. Ո՞վ է խաբում Նիկոլ Փաշինյանին, որ բանակում որևէ խնդիր գոյություն չունի, կամ որևէ բանի կարիք բանակը չունի։ Այդ մարդկանց ուսադիրներն ինչո՞ւ չեն պոկվում։ Ո՞ւմ համար տեսանելի չէ, որ բանակում շատ լուրջ խնդիրներ կան՝ սկսած զորքերի բնակավորումից, վերջացրած զինվորների ներքնաշորերով, մարտական դիրքերի կահավորման խնդիրներով և այլն, և այլն, և այլն․․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր