ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ի՞նչ է կատարվում և ի՞նչ պետք է անել»․ Արթուր Ղազինյան
22:18, 01.10.2022 | mamul.am
5993 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ի՞նչ է կատարվում և ի՞նչ պետք է անել

Հայաստանում կուտակվել է աննախադեպ մեծ «հանուն» ներուժ: Այն, որ Հայաստանի երրորդ հանրապետությունն այլևս ավարտված է, պարզ էր դեռ երկու տարի առաջ, քանի որ դադարել էր գործել Երրորդ հանրապետության ստեղծման համար հիմք ընդունված Անկախության հռչակագիրը և դրա հիմքի վրա մշակված Սահմանադրությունը:
Ինչո՞ւ տապալվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը դեռ պետք է հասկանալ, վերլուծել, գնահատել, ինչը պահանջում է համահայկական գիտա-ակադեմիական, փորձագիտական ու վարչարար-տեխնոկրատ ներուժի կոնսոլիդացիա: Քաղաքական մակարդակում այս հարցի իրական և խորքային պատճառները հնարավոր չի լինի բացահայտել, քանի որ ՀՀ նախկին երեք նախագահները չեն կարող գալ ընդհանուր հայտարարի՝ տապալման մեղքը մեկը մյուսի վրա բարդելու և պատմության ու սերունդների առջև իրենց դեմքը մաքուր պահելու համար:
Հիմա մենք կանգնած ենք շատ ավելի կարևոր, շատ ավելի լուրջ հարցի առջև. կկարողանա՞նք հիմնադրել Հայաստանի չորրորդ հանրապետություն, և եթե այո, ապա ինչպիսի՞ն կլինի այդ պետականությունը, ի զորու կլինի՞ երաշխավորել պետականության կենսունակությունն ու դրա լեգիտիմությունը:
Այս հարցի պատասխանը, ինչպես և նախորդինը, հնարավոր չէ ստանալ քաղաքական մակարդակում, քանզի քաղաքական դաշտը գտնվում է խիստ բևեռացված վիճակում, նրանց միջև անջրպետը անասելի խորն է և ենթակա չէ հարթման:
Հետևաբար, Հայկական պետականության վերականգնման ու հզորացման հայեցակարգի, դրան կից գործողությունների ծրագրի ու ժամանակացույցի մշակման պատմական առաքելությունը կրկին պետք է դրվի համահայկակա ինտելեկտուալ՝ գիտա-ակադեմիական, փորձագիտական ու վարչարար-տեխնոկրատ ներուժի վրա:
Կարճ ասած, անհրաժեշտ է համահայկական ինտելեկտուալ ներուժի ամբողջական կոնսոլիդացիա, իսկ թե ինչ ձևաչաչով ու ինչ հարթակի վրա պետք է տեղի ունենա այս կոնսոլիդացիան, կներկայացնեմ առաջիկա օրերի ընթացքում:
Բարի, հաճելի ու անվտանգ հանգստյան օրեր եմ մաղթում մեր ժողովրդին ու պետությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր