ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են». Թաթոյան
22:18, 02.10.2022 | mamul.am
5823 | 0

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը գրել է. «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։ Սա նաև բխում է թելեգրամյան ալիքների տվյալներից:
Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին այդ ջոկատի ակտիվ ներգրավվածությունը փաստվում է նաև թելեգրամյան ալիքներով հրապարակված բազմաթիվ տեսանյութերում նրանց կրած համազգեստի արտաքին հատկանիշներով, նմանություններով, համադրությամբ: Դրանից բացի, առկա են տեսանյութեր 2022թ. սեպտեմբերի 13-15-ից հետո «Կոմանդո» ջոկատի զորացրումների վերաբերյալ, որտեղ նույնպես նրանք նույն համազգեստով են, ինչ հիշատակված տեսանյութում:
Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Մենք այս պնդումն անում ենք օբյեկտիվ ապացույցների հիման վրա:
Ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների մանրամասն ուսումնասիրման գործընթացը շարունակվում է և դրանք պատշաճ կամրագրվեն և կուղարկվեն նաև միջազգային գործընկերներին։
Մի բան միանշանակ է. Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան`թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը` առանց վավերացնելու:
Առաջնահերթն Ադրբեջանի իշխանությունների, բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային քրեական պատասխանատվության հարցն է: Այս անձանց միջազգային քրեական հետապնդումը, անգամ առնվազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակություն:
ՀՀ-ի դեմ ադրբեջանական շարունակվող այս զանգվածային պատերազմական հանցագործությունների պայմաններում դա պետք է անել րոպե առաջ:
Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»:

Աղբյուրը` Արման Թաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր