ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում ժայռի մեջ փորված հնագույն նավամատույց է հայտնաբերվել
23:12, 02.10.2022 | mamul.am
11031 | 1

Վանա լճում հնագույն նավամատույց է ջրի երես դուրս եկել: Այս մասին հայտնում է Arkeonews-ը: Հայկական լեռնաշխարհի՝ մեծությամբ երկրորդ լիճը՝ Վանա լիճը, ոչ միայն հայտնի է իր մեծությամբ, այլ նաև շուրջը տեղակայված մեծաթիվ հնագույն հուշարձաններով՝ սկսած նեոլիթի դարաշրջանից:
Վերջին 10 տարիներին ջերմաստիճանի բարձրացման արդյունքում մեծ քանակությամբ գոլորշիացումը և անձրևների քիչ քանակությունը հանգեցրել է լճի ջրի մակարդակի նվազեցմանը, ինչի արդյունքում ջրի երես է դուրս եկել հնագույն շինություն և ժայռի մեջ փորված քարե նավամատույց: Այն տեղակայված է Ուրարտական ժամանակներում կառուցված (մ․թ․ա․ 9-6-րդ դդ) հնագույն պալատի մատույցներում և ունի 11 աստիճան: Առափնյա պալատը գիտնականներին հայտնի էր վաղուցվանից և բազմիցս էր ուսումնասիրվել: Սակայն առաջին անգամ հնագետներին հնարավորություն է ընձեռվել, առանց ջրի մեջ սուզվելու, ուսումնասիրել հնագույն նավահանգիստը: Մասնագետները կարծում են, որ այս նավամատույցի միջոցով նավերը պալատ են հասցրել տարբեր ապրանքներ, այդ թվում՝ անհրաժեշտ շինանյութ: Մասնագետները նաև բացահայտել և արդեն ուսումնասիրել են ժայռի վրա փորված 3 մետր լայնությամբ անցումը, որը հավանաբար դեպի պալատ տանող մուտքն է եղել:
Նմանատիպ նավամատույցի կառուցումը բավականին բարդ է եղել, ինչը խոսում է այն մասին, որ ուրարտացիները մեծ նշանակություն են տվել ջրային փոխադրամիջոցներին: Սա այս տարածաշրջանի նմանատիպ շինության առաջին բացահայտված օրինակն է:
Հայտնի է, որ ուրարտացիները բազմաթիվ ամրոցներ և պալատներ են կառուցել Վանա լճի ափերին: Ջրային փոխադրամիջոցները հնարավորություն են տվել ձմեռային ամիսներին կապ պահպանել ամրոցների միջև։ Մասնագետների կարծիքով հայտնաբերված նավամատույցը հնարավորություն է տվել ծանր բեռներով բեռնված նավերին որոշ ժամանակով կանգ առնել, թեթևացնել բեռը և ապահովել նավերի անվտանգությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր