ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+6 °C, +4 °C ... +10 °C Վաղը`+11 °C
«Հանրությունն՝ ի դեմս գիտելիքամերժ իր կրկնվող ընտրյալների, պաշտում է անկազմակերպ հույզերը». Տարոն Սիմոնյան
23:42, 02.10.2022 | mamul.am
1442 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Ամեն օր թշնամու մի նոր հանցագործություն, մի նոր հարձակում, մի նոր աղետ, տեղական արտադրության (երբեմն դրսում վարժեցրած) հայտնի և անհայտ տգետների և/կամ անբարոյականների մի նոր ապազգային խոսք կամ այդ ամենի վերաբերյալ տեղեկատվական գրոհների շարք, և ամբողջ հանրությունը դանդաղ, բայց վստահ քայլերով ինքնուրույն թուլացնում է սեփական դիմադրողականությունը՝ իմունիտետը, և պատահական ջղաձգումներով ավելացնում այն քաոսի քանակը, որով շղթայակապում է իրեն և իր միտքը ...
Բազմաթիվ շերտեր ունեցող խնդիրներից զատ այս բարդույթի հիմնական առանձնահատկությունն այն է, որ հանրությունը չունի ուղեծիր (առանցք, նպատակ, գաղափար, իմաստ), դեպի ուր որ ձգտում է նրա համակեցությունը։
Եվ հետևաբար ցանկացած ընթացիկ գործոն, խոչընդոտ, մարտահրավեր հանրությանը հետ է գցելու դեպի քաոսի հորձանուտը՝ երբեք թույլ չտալով՝ «նավը», թեկուզ ժամանակավորապես, կայանի ինչ֊որ մի հանգրվանում։
Իսկ վայ փրկիչների, մեսսիաների ու նորանոր առաջնորդների հարատև հերթափոխը ոչ այլ ինչ է, քան կազմակերպված քաոսի հարակից անկազմակերպ հետևանքներ, որոնք ավելացնելու են էնտրոպիան, ասել է թե՝ քաոսի քանակը (թերմոդինամիկայի 2րդ օրենքը վկա)։
Այդ ընթացքում, իհարկե, կլինեն (և կան) ողջամիտ ծրագրեր, գաղափարներ, կառուցակարգեր՝ թշնամի կողմի հանցագործություններ կատարած անձանց միջազգային պատասխանատվության ենթարկելու, կոնսոլիդացված և ցանկացած մարտի պատրաստ բնակչություն ձևավորելու, ազգային ներուժի հայտնաբերման, զարգացման և թշնամու դեմ ուղղելու, տգիտության և անբարոյականության բացառիկ լիազորված անձանց իշխանության չթողնելու / հեռացնելու, աշխարհաքաղաքական խաղերից նվազ վնաս կրելու, ինքնիշխանությունը պահելու, վրեժխնդիր լինելու, կորսվածը հետ բերելու ուղղությամբ, որոնք կոչված են մեղմելու քաոսի աճող ազդեցությունը, հանգստացնելու հանրային գիտակցության ցայտնոտը և հողի վրա խնդիր լուծելու, որովհետև չի կարելի թույլ տալ, որ հանկարծ կորչի որևէ ճգնաժամի ներուժ (Չերչիլը վկա)։
Սակայն քանի դեռ հանրությունն՝ ի դեմս գիտելիքամերժ իր կրկնվող ընտրյալների, պաշտում է անկազմակերպ հույզերը (իռացիոնալիզմ, խենթություն) և արհամարհում կազմակերպված գիտելիքը (գիտություն), քաոսը շարունակելու է սնվել ...
Բայց դե հույսներս կորցնելու իրավունք չունենք, քանի որ սա էլ մեր ճանապարհն է, մեր պայքարն է՝ հանուն նրա, որ մի օր՝ ոչ հեռավոր օր, մարդկանց կարելի լինի համոզել, որ մտածելը ավելի օգտակար է, քան չմտածելը, ուղեծիր (#ՀայկյանՈւղեծիր) ունենալն ավելի լավ է, քան աննպատակ դեգերելը, սեփական ազգային կյանքը իմաստավորող գաղափար ունենալն (#ԱՐԲԱՆԷ) ավելի լավ է, քան որևէ իմաստից փախչելը, առաջադեմ պետականություն (#ԱՐՄԱՍԻՆԵ) ունենալն ավելի լավ է, քան անվտանգության մուրացիկ լինելը, առաքինի անհատ (#ԼԱՈ, #ՎԱՆՔ) լինելն ավելի լավ է, քան տգետ ու անբարոյական լինելը ...
Հ.Գ.
#սկզբիցպետքէսկսենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր