ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.12, EUR 410.25, RUB 6.49, GBP 474.58
+7 °C, +4 °C ... +8 °C Վաղը`+8 °C
«Երևանը պետք է ետ կանչի ռուսական հրամանատարությամբ գործող ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպից». Արման Բաբաջանյան
22:18, 04.10.2022 | mamul.am
2380 | 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2019թ. այդ օրերի պաշտպանական գերատեսչության ապիկար ղեկավարության հորդորով, ելնելով Հայաստանի և Արցախի անվտանգության նկատառումներից, չնայած Արևմուտքի բացարձակ անհամաձայնությանը, Հայաստանը Սիրիայում ՌԴ հրամանատարության ներքո հումանիտար առաքելություն ուղարկեց այդ երկիր:

Ուկրաինական ճակատում անհաջողությունների պատճառով Ռուսաստանը, կարծես, դուրս է բերում իր զորքերը Սիրիայից:

Ի՞նչ է մտածում Հայաստանն այս առթիվ: Սիրիա զորք ուղարկելը, այդ օրերի պաշտպանության կարճամիտ նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ ավելացնելու էր Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին, էապես փոխելու էր մեր երկրի դիրքավորումը, ավելի դիմակայուն էր դարձնելու:

Հետագա դեպքերն ու իրադարձություններն այլ բան էին գուժում՝ արտաքին ռեգիոնալ խոշորամասշտաբ փոփոխությունների բերումով Հայաստանն արդեն կորցրել էր իր կարևորությունը Ռուսաստանի համար, դրա նշաններն ի հայտ եկան ապրիլյան պատերազմին, բայց Երևանը չէր հավատում, չէր ուզում հաշտվել այդ մտքի հետ:

Չնայած Վաշինգթոնից, Բրյուսելից ստացվող բազմաթիվ զգուշացումներին, Երևանը որոշեց հանուն հավելյան անվտանգային հովանոցի աշխարհի կողմից մերժված ռուսական հրամանատարության ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկել:

Արդյունքում, թեև ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքականությունն էապես նվազեցրել էր այդ երկրի ներգրավվածությունը հետխորհրդային տարածաշրջանի բազմաթիվ խնդիրներում, այնուամենայնիվ, այս և շատ ուրիշ քայլեր, որոշումներ և հայտարարություններ ավելի նվազեցրին Արևմուտքի ներգրավվածությունը Ղարաբաղյան կարգավորման և հարավկովկասյան տարածաշրջանային հարափոփոխ գործընթացներում:

Հետևանքը 2020-ի ավերիչ պատերազմում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ առնվազը երկու ծրագրի իրագործումն էր՝ Արցախի նվաճումը պատերազմով և հայկական պետականության կազմաքանդումը:

Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը Ռուսաստանն ու Թուրքիա չեն կարողացել իրականություն դարձնել՝ տարածաշրջանի ուժային բալանսը վերականգելու Երևանի ձգտումների պատճառով:

Գալով Սիրիայում հայկական հումանիտար առաքելությանը: Հաշվի առնելով Երևանի և ԱՄՆ-ի խորացող հարաբերությունների հեռանկարայնությունը՝ Երևանն այս հարցում պետք է նախաձեռնողականություն հանդես բերի և ետ կանչի ռուսական հրամանատարությամբ գործող ՀՀ հումանիտար առաքելությունը սիրիական Հալեպից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր