Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Երեկ «հավաստի աղբյուր» անվան ներքո Փաշինյանի տարածած հայտնի տեղեկատվությունը Ադրբեջան-Հայաստան ենթադրվելիք խաղաղության պայմանագրի հինգ կետերի մասին, հանրային քննարկման բուռն առիթ դարձավ, և այն իրոք կարոտ է սթափ գնահատման իր հավաստիության աստիճանի, հետապնդած նպատակների առումով: Ըստ այդմ՝ պետք է նշել. Ա. Անձնական-ընտանեկան դարձած տեղեկատվության տարածման աղբյուրում պաշտոնական-պետական, հավաստի և անաչառ լուրեր երբեւէ և ոչ մի երկրում չեն տարածվել և չեն տարածվի: Նման մանիպուլյատիվ-հնարախաղային արտահոսքեր կազմակերպում են կեսճշմարտություն, ճշմարտանման վերամշակված փաստեր ըստ իրենց ընկալման և նպատակների խեղաթյուրող անձինք, որոնք պետական-պաշտոնական նպատակներ չեն հետապնդում, այլ զուտ նեղ անձնային խնդիրների կրողներ են՝ ի վնաս հանրային շահի: Փաշինյանն այս «ի գիտություն» հրապարակմամբ հենց այսպիսինն է ներկայանում: Ինքնահարցազրույցի ժանրում անգերազանցելի Փաշինյանը 1-ին ալիքի եթերից ամեն ինչի մասին խոսեց, բացի հանրային շահի համար կարևոր պայմանագրի տարբերակների առարկայական բովանդակությունից, որովհետև չի կամենում ճշմարտությունն անկիրք, հստակ ասել, ոչ թե իրեն հարմար ձևով: Միայն այս փաստը բավական է հասկանալու , որ նա ալևս չի կարող կառավարել: Բ. «Ըստ Փաշինյանի» խաղաղության պայմանագրի անուղղակի արտահոսքերն ունեն շանտաժի, ահաբեկման ակնհայտ թիրախներ, թե իբրև ՀՀ և ԱՀ բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործ են ճանաչվելու և այլն և այլն, ինքը չի՞ ճանաչվելու, Տեր-Պետրոսյանից սկսած՝ ճանաչվելո՞ւ են, անլուրջ է, մանկական սպառնալիք: Այս տեսանկյունից անհասկանալի է Տեր-Պետրոսյանի արձագանքը, թե ինքը «գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար», իր կուսակցի այլաբանական դիպուկ բնորոշմամբ՝ «այդ հանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի»։ |