ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը
17:06, 04.10.2022 | mamul.am
5086 | 0

«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում գրված է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդլայնված կազմով նիստը, քննության առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեղմացման փոխարեն առավել ուժգնացել են:

Ադրբեջանը, Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, շարունակում է հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը, որի վերջին վկայությունը դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ իրականացված՝ միջազգային ռազմական հանցագործություն գնահատվող վայրագությունն է, որի իրավաքաղաքական պատասխանը պետք է լինի ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական մեխանիզմների գործադրումը՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Իրականությունը առավել մռայլ է Հայաստանի գործող իշխանությունների անձեռնահաս և ապիկար քաղաքականության պայմաններում: Ակնհայտ է՝ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև:

Խմբակցությունը վերահաստատեց նախկինում տրված իր գնահատականն առ այն, որ նման պայմաններում Հայաստանի ներկա քաղաքական իշխանություններն անվտանգության հարցերը և դրանց լուծումներն օրակարգային դարձնելու փոխարեն շարունակում են հասարակությանը հրամցնել ոչ առաջնային, հաճախ նաև վտանգավոր օրենսդրական և այլ նախաձեռնություններ: Մասնավորապես.

1. Զազրելի է Հայաստանը ներկայացնող անձի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից խաղաղություն աղերսելով՝ Ադրբեջանից քարտեզ խնդրելը, իր ընտանեկան թերթով Հայոց պետականության ոչնչացմանն ուղղված ադրբեջանական պահանջների, ինչպես նաև դաշնակիցների վերաբերյալ տեղակատվական արտահոսքի կազմակերպումը, որով զուգահեռաբար ահաբեկում է հանրությանը և փորձում ստեղծել անելանելիության զգացում և քաոս: Սա այն դեպքում, երբ այս վիճակի ստեղծման թիվ մեկ պատասխանատուն ինքն ու իր քաղաքական խմբակն են: Խմբակցությունը որոշեց այս հարցի, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի հայտարարության առնչությամբ հանդես գալ առանձին հրապարակմամբ:

2. Դաշնակիցների վերաբերյալ իրարամերժ և սպառազինություն ձեռք բերելու անկարողության վերաբերյալ վտանգավոր հայտարարություններով, զինված ուժերի թուլացման պատճառ դարձած օրենսդրական և գործադիր նախաձեռնություններով, բանակին ժողովրդային աջակցության մերժման վարքագծով, արտաքին սպառնալիքներին դիմագրավելուն կոչված երկրի ռազմաքաղաքական և ռազմարդյունաբերական համակարգը ակնհայտ անգործունակ դարձնելով, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար կենսականորեն անհրաժեշտ ներազգային համերաշխությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ջարդելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը կանխամտածված կամ ակամայից օժանդակում է Հայաստանի թշնամիներին և արտաքին աշխարհում նպաստում հակահայ մթնոլորտի ձևավորմանը:

3. Վերը նշված վարքագծին զուգահեռ կեղծ խաղաղասիրական թեզեր հրապարակ նետելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը չի անդրադառնում հանգամանքին, որ իրական և արժանապատիվ խաղաղությունը ձեռք է բերվում վերոնշյալ համարժեք երաշխիքներով, որոնք ներկայումս պետք է լինեն Հայաստանի իրական օրակարգի հարցեր:

Խմբակցությունը, անդրադառնալով Աժ՝ ս.թ. հոկտեմբերի 4-ի հերթական նիստերի օրակարգին, արձանագրում է, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը շարունակում է Հայաստանի իրական օրակարգին անհաղորդ լինել:

Ապօրինի կերպով մերժելով խորհրդարանական ընդդիմության առաջադրած նախաձեռնությունները՝ քաղաքական մեծամասնությունը և Աժ ղեկավարությունն իրենց մեծամտությամբ և ոչ ադեկվատ վարքածով ապալեգիտիմացնում են առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը:

Դեմ լինելով հերթական նիստերի օրակարգային այն հարցերին, որոնք խեղաթյուրում են Հայաստանի իրական օրակարգը, խմբակցությունը հարկ է համարում անդրադառնալ օրկարագում ներառված երեք հարցի:

Մասնավորապես, ԱԺ օրակարգում ներառված է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետը 6-ամսով երկարացնելու հարցը: Ինչպես նշել ենք, այս հարցով ԱԺ գործող պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ունակ չէ իրականացնելու արդյունավետ աշխատանք, քանի որ նրանում մեծամասնությունը կազմում են այն նույն իշխանության ներկայացուցիչները, որոնց բացթողումների ու առերևույթ հանցագործությունների արձանագրմամբ պետք է զբաղվի այս քննիչ հանձնաժողովը:

Հետևաբար, այն անկախ չէ և չի կարող արձագրել դրական արդյուքներ, ինչի վկայությունն է նախորդ վեց ամիսների ընթացքում հանձնաժողովի գործունեությունը: Ավելին՝ փորձ է արվում և արվելու խեղաթյուրել պարտության իրական պատճառները»:
Մինչդեռ, «Հայաստան» խմբակցությունը դեռևս ամիսներ առաջ առաջադրել էր 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքներն ուսումնասիրող, իրականում անկախ ինքնավար մարմնի ստեղծման օրինագիծ, որի քննարկումն ու ընդունումը սակայն մերժվեց իշխանության կողմից:
«Հայաստան» խմբակցության առաջարկությունը ընդունվելու դեպքում ուսումնասիրության առարկա կլինեին նաև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի բացերն ու թերությունները, որոնց վերացումը հիմք կտար կանխարգելելու Ադրբեջանական նոր և շարունական ագրեսիան և պատերազմական գործողությունները: «Հայաստան» խմբակցությունը, դեմ լինելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, որպես քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացմանը, շարունակելու է հետամուտ լինել իր նախաձեռնության կյանքի կոչմանը:
Աժ օրակարգի մեկ այլ հարցով կառավարությունն առաջարկում է ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը: Խիստ կարևորելով այս թեման, որպես Հայաստանի երկարաժամկետ զարգացման կարևոր հենասյուն, խմբակցությունը որոշեց այս հարցով կազմակերպել հանրային, մասնագիտական լայն քննարկում՝ առկա մարտահրավերների հատկորոշման և առաջարկվող լուծումների համարժեքության գնահատման առումով:
Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող օրինագծերին, խմբակցությունը կրկին փաստում է, որ քննարկվող հարցերը վերաբերելի չեն ոլորտում առկա հրատապ խնդիրներին, այդ թվում՝ խորացող աղքատությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր