ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
23:48, 04.10.2022 | mamul.am
3345 | 0

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կողմերը կարծիքներ են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ:
«Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խոսվել է նաև սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորության մասին՝ նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում։
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանն ուղղված քննարկումները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր