ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ինչի՞ց են երկյուղում Ադրբեջանն ու Թուրքիան». Արմեն Պետրոսյան
12:42, 05.10.2022 | mamul.am
5377 | 1

Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Իրադարձությունների տրամաբանական շղթան, և ինչի՞ց են երկյուղում Ադրբեջանն ու Թուրքիան

1. Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը եռակողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ մինչև սեպտեմբերի 30-ն Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:

2. Ադրբեջանը մինչև նշված ժամկետը չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ավելին, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեսանյութ է տարածվում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների խմբակային մահապատժի վերաբերյալ, որն ունենում է նաև միջազգային լայն արձագանքներ:

3. Հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարը սոցցանցային գրառումներով հայտարարում են, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարել ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:

4. Ինտենսիվ կուլիսային բազմաշերտ բանակցություններին զուգահեռ՝ հոկտեմբերի 3-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում մեկնարկում է «Ինչ են ուզում...» խորագրով հոդվածաշարը, որի՝ Ադրբեջանի և Ռուսաստանի վերաբերյալ հրապարակումների արտաքին ֆոնը կարելի է դիտարկել նաև՝ որպես հայկական կողմից ԱՄՆ-ի միջնորդական հնարավորությունների փորձարկմանը միտված քաղաքական ուղերձ-քայլ։

5. Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը վերադարձնում է հայ ռազմագերիներին, ինչպես և վերջին հրադադարի դեպքում, խուսափելով ընդգծել ամերիկյան միջնորդական ջանքերի հաջողման հանգամանքը։

Հ. Գ. Զուգահեռաբար ադրբեջանական և թուրքական քաղաքական և քարոզչական հարթություններում փորձ է արվում հնարավորինս նսեմացնել, դրանով իսկ կանխել ԱՄՆ-ի միջնորդական դերակատարման զարգացումն ինչպես հարավկովկասյան, այնպես էլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր