ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պետականությանը հասցրած ամենաաղետալի հարվածը նյութականը չէ». Զոյա Թադևոսյան
00:18, 06.10.2022 | mamul.am
3507 | 0

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ անկախությանը հաջորդած 30 և ավելի տարիների ընթացքում պետականությանը հասցրած ամենաաղետալի հարվածը նյութականը չէ: Բարոյահոգեբանական հարվածն է ամենաաղետալին: Այն հազարապատիկ է:

Պետական շահի գիտակցման աղավաղումը, պետական շահը ստամոքսից և ոչ գիտակցությունից բխեցնելուն ուղղված հետևողական քաղաքականությունը, ծանծաղամիտ, մակերեսային քաղաքական մտածողության սերմնավորումը, քաղաքական էլիտալի, երկրի քաղաքական պատասխանատվությունը ստանձնողների շրջանակներում քաղաքական նպատակների իրացման հետևողականության, այդ նույն նպատակներն իրակեղծ, անտրամաբանական, համաշխարհային հանրության կողմից ոչ ընդունելի, ավելի շուտ մերժելի դրույթներով շաղախելը, փառասիրությամբ տոգորված մտածողության անարգել տարածումը, ահա այն, ինչին ականատես ենք եղել երկարուձիգ տարիների ընթացքում:

Ճշմարտության, իրականության դեմ համառ պայքարը, մերն իմին ստորադասելը, իմոնք-ձերոնք հարատև խոսույթը տվել է այն արդյունքը, ինչն ունենք: Ունենք անասելի ցավից, վշտից, կորուստներից հետևություն չանող զանգված, հրճվող, նոր հայերենով՝ խժացող զանգված: Չունենք վեր խոյանալու անկասելի ձգտում: Ուզում ենք նույնիսկ Հայաստանի կործանում, որ բղավենք՝ բա որ ասում էի... Եղկելի է:

Բարոյահոգեբանական կորուստները վերականգնելը չափազանց դժվար կլինի, իսկ այդ ընթացքում ի՞նչ կլինի, մտածել անգամ չեմ ուզում: Ամեն դեպքում չեմ հուսահատվում՝ վստահ լինելով հույսի անմահության մեջ: Մենք կա՛նք, պե՛տք է լինենք: Մենք-ը մեր երեխաներն են, մեր տունն է, մեր սիրասուն հայրենիքն է: Ավելի թանկ արժեք էլ չկա:

Զսպել է պետք դիտավորյալ անհուսություն սփռող մոլուցքը: Չար մտքերը հանգիստ չե՞ն տալիս, պարզապես լռե՛ք: Ցանկանում եմ առողջ և լավատեսական միտք և գիտակցություն հայ ժողովրդիս՝ ի նպաստ մեր սեփական տան ամրության»:

Աղբյուրը` Զոյա Թադևոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր