ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+1 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ
22:48, 05.10.2022 | mamul.am
5987 | 7

2018 թվականին փողոցից իշխանության եկածների կենսակերպում շատ բան է փոխվել։ Նախկինում փաբերում պարտքով գարեջուր խմող և ապառիկները վճարելու դժվարություններ ունեցող ներկայիս իշխանականները հարստանում են, նոր տներ ու ավտոմեքենաներ գնում, գրում է «Անտիֆեյք.am»–ը։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, «թավշյա թալանը» պոզով–պոչով չի լինում։ «Թավշյա թալանից» օգտվելու սկզբունքը, ինչպես ցույց տվեցին իշխանազավթման չորս տարիները, հետևյալն է․ որքան շատ ծառայություններ ես մատուցում Փաշինյանին ու կիսում նրա դաճանական որոշումների պատասխանատվությունը, այնքան ավելի մեծ ինդուլգենցիա ես ստանում՝ օգտվելու «թավշյա կերակրամանից»։

Ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին Երևանում վարձով բնակվող լոռեցի Էդմոն Մարուքյանի կյանքում 2018 թվականից ի վեր նույնպես շատ բան է փոխվել։ Հայտնի է, որ իշխանափոխությունից հետո Էդմոն Մարուքյանը «ական» է եղել ընդդիմության ներսում և այդ կարգավիճակում տարբեր ծառայություններ մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչ է ստացել Էդմոն Մարուքյանն այդ ամենի դիմաց.

Այսպես,աղբյուրի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը փաստում են, որ ներկայում Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մարուքյանի հետ փոխկապակցված անձանց՝ մերձավոր ազգականների և ընկերների անունները 2018 թվականից սկսած կապվում են «Վահագնի» թաղամասում գտնվող մի քանի հողատարածքների և նորակառույց առանձնատների հետ։

Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի հարազատ եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, 2018թ. նոյեմբեր–2019թ. մարտ ժամանակահատվածում «Վահագնի» թաղամասում ձեռք է բերել հողամաս, որի վրա հետագայում իրականացրել է առանձնատան կառուցապատում։

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 6 հասցեում գտնվող բավականին շքեղ բազմահարկ առանձնատան սեփականության իրավունքը 2022 թվականի օգոստոսին փոխանցվել է Էդմոն Մարուքյանի հետ փոխկապակցված մեկ այլ անձի՝ Վիգեն Գեղամյանին, որը հանդիսանում է Մարուքյան եղբայրների մտերիմ ընկերը։

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 6–րդ հասցեի առանձնատունը
Այժմ առանձնատունը հանձնված է վարձակալության։ Այս շքեղ առանձնատան անմիջապես կողքին գտնվող ոչ պակաս շքեղ 8-րդ հասցեի առանձնատունը նույնպես կապվում է Էդմոն Մարուքյանի եղբոր հետ։
«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 8–րդ հասցեի առանձնատունը
Նշված հասցեում 2019թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հողատարածք է ձեռք բերել և առանձնատան կառուցապատում է սկսել Մարուքյան եղբայրների մտերիմ ընկերը՝ Վիգեն Գեղամյանը, որը միևնույն ժամանակ տարբեր գործարքներում հանդես է գալիս որպես լիազորված անձ։ 2020 թվականին Վիգեն Գեղամյանը առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հասցեում գտնվող գույքը սեփականության իրավունքով փոխանցել է էդմոն Մարուքյանի եղբորը` էդգար Մարուքյանին, որը նույն թվականի մայիսին բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն է ստացել Երևանի քաղաքապետարանից։ Շինաշխատանքներն ավարտվել են 2021 թվականին, և դեկտեմբերին վերջինս ստացել է բնակելի տան շահագործման թույլտվությունը։ 2022-ի օգոստոսին Մարուքյանի եղբայրը առանձնատունը վաճառել է այլ անձի 470 հազար դոլարով:

Պարզվել է, որ Էդմոն Մարուքյանի ընկերը՝ Վիգեն Գեղամյանը և վերջինիս աները՝ Մեսրոբ Սմբատյանը, որը նույնպես Էդմոն Մարուքյանի ընկերն է, կապ ունեն «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի մի քանի այլ հողատարածքների և առանձնատների հետ։ Բացի վերը հիշատակված 6–րդ և 8-րդ հասցեի առանձնատները, Վիգեն Գեղամյանը և Մեսրոբ Սմբատյանն առնչություն ունեն «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3, 5 և 7 հասցեներում գտնվող առանձնատների հետ։

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3–րդ հասցեի առանձնատունը
«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 5–րդ հասցեի առանձնատունը
«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 7–րդ հասցեի առանձնատունը

Նրանք 2018 թվականից պարբերաբար դիմել են Երևանի քաղաքապետարանին նախագծման, շինարարության և շահագործման թույլտվություններ ստանալու համար և կարճ ժամանակահատվածում ոտքի են կանգնեցրել շքեղ առանձնատներ։

Այսպես, Երևանի քաղաքապետարանը 2018-ի սեպտեմբերին Վիգեն Գեղամյանին տվել է «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3–րդ, իսկ Մեսրոբ Սմբատյանին նույն փողոցի 5–րդ հասցեում շինթույլտվություն իրականացնելու իրավունք` բնակելի տուն կառուցելու նպատակով: 2019թ․ հուլիսին Գեղամյանն ու Սմբատյանն արդեն ստացել են նշված հասցեների բնակելի տների ավարտական ակտերը՝ շահագործման թույլտվությունները: 2019թ․ ապրիլին Մեսրոբ Սմբատյանը բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն է ստացել «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 7–րդ հասցեում, իսկ մայիսին՝ նույն հասցեում արդեն բնակելի տան կառուցման շինթույլտվություն է ստացել։ 2020թ. օգոստոսին Էդմոն Մարուքյանի ընկերը Երևանի քաղաքապետարանից ստացել է այս առանձնատան շահագործման թույլտվությունը:

Այսպիսով, Էդմոն Մարուքյանի հետ փոխկապակցված Վիգեն Գեղամյանին այս պահի դրությամբ սեփականության իրավունքով պատկանում են «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3 և նույն փողոցի 6 հասցեներում գտնվող առանձնատները, իսկ փոխկապակցված մյուս անձին՝ Մեսրոբ Սմբատյանին՝ «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 5 և Բազումի փողոցի 7 հասցեների առանձնատները։

Բազումի փողոցի 3, 5 և 7 հասցեների առանձնատները գտնվում են Էդմոն Մարուքյանի եղբոր հետ առնչվող Բազումի փողոցի 6 և 8 հասցեների առանձնատների անմիջապես դեմ դիմաց։

«Վահագնի» թաղամասում Էդմոն Մարուքյանի հարազատների կողմից հողատարածքների ձեռքբերման և շքեղ առանձնատների կառուցման համար անհրաժեշտ գումարների աղբյուրն անհայտ է։ Ո՛չ Էդմոն Մարուքյանը, ո՛չ էլ նրա կինը՝ Տաթևիկ Մատինյանը, ըստ հայտարարագրերում առկա տվյալների, չեն տիրապետում նման մեծ փողերի։ Էդմոն Մարուքյանի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող եղբոր աշխատանքային կենսագրության ուսումնասիրությունից նույնպես տպավորություն չենք ստանում, որ նա իշխանափոխությունից անմիջապես հետո կարճ ժամանակահատվածում պատահականորեն «Վահագնի» թաղամասում հողատարածքների սեփականատեր կարող էր դառնալ և առանձնատների կառուցապատում իրականացնել։ Իսկ «Վահագնի» թաղամասի առանձնատների գործարքների հետ կապված Վիգեն Գեղամյանն ու Մեսրոբ Սմբատյանը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստում առկա տվյալների, Հայաստանում գրանցված բիզնեսներ չունեն։

2018-ից ի վեր «Վահագնի» թաղամասում Էդմոն Մարուքյանի եղբոր և իր հետ փոխկապակցված անձանց կողմից առանձնատների ձեռքբերումից բացի, Էդմոն Մարուքյանն ինքն էլ 2022 թվականին անշարժ գույքի սեփականատեր է դարձել։ Նախկինում Ավան վարչական շրջանում վարձով բնակվող և դրա համար Ազգային ժողովից փոխհատուցում ստացող Էդմոն Մարուքյանը 2022 թվականի մարտի 7–ին՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն ստանձնելուց ընդամենը 1 շաբաթ առաջ, Երևանի Ավան վարչական շրջանում միանգամից 3 անշարժ գույք է նվեր ստացել՝ Ծարավ աղբյուրի փողոց 55/17 շենքի 160 բնակարանը, ավտոտնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Մարտի 14–ին Մարուքյանն ստանձնեց նոր պաշտոնը։

Աղբյուրը կապ է հաստատել Էդմոն Մարուքյանի հետ՝ «Վահագնի» թաղամասի առանձնատների հետ նրա առնչության մասին մեկնաբանություն ստանալու համար։ Այս մասին հարցը լսելուց հետո նա ասել է, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ մասնավոր անձանց առնչությամբ։ Նշել են, որ խոսքը վերաբերվում է իր հարազատ եղբորն ու իր ընկերներին, ինչին ի պատասխան Մարուքյանն առաջարկել է իր և իր հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկությունները գտնել հայտարարագրերում՝ պնդելով, որ ինքը առնչություն չունի եղբոր կարողությունների հետ։ Շուրջ 8 րոպե զրուցելուց հետո Էդմոն Մարուքյանը պնդելէ, որ մեկնաբանություն չի տվել՝ ընթացքում հասցնելով դեռևս չհրապարակված հոդվածի առնչությամբ դատարանով սպառնալ։ Մարուքյանի ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ իր հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքերի առուվաճառքի շարժերն սկսվել են 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ինչի առնչությամբ նա առաջարկել է դիմել իրավասու մարմիններին։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր