ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ Արցախին մենակ չեն թողնելու․ «Մենք մշտապես ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա այդ խոսակցություն, շատ ուրախ կլինենք, որ այդ մեխանիզմը մենք կարողանանք գտնել՝ վերադարձնելու համար։ Ինչ վերաբերում է մենակ թողնելուն, ոչ մեկը մեր քաղաքացիներին մենակ չի թողել, և խոսակցություններից վեր կան գործողություններ, այսինքն՝ այն գործողությունները, որոնք արվում են այսօրվա իշխանությունների կողմից, ապացույցն են, որ մենք Արցախին մենակ չենք թողնի։ Արցախի ժողովրդի իրավունքները պահելու ենք, պաշտպանելու ենք և տանելու ենք առաջ, ինչպես եղել է վերջին երեսուն տարվա ընթացքում»,- նշել է նա: Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ այսօր գրել էր, որ պատրաստ են Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ: |