Կառավարության շենքի դիմաց «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել, քանի որ Կառավարության որոշմամբ առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործում։ Այս պահին աշխատակիցները շարժվում են դեպի Տեսչական մարմին՝ ակնկալելով հանդիպել այն պաշտոնյային, ով ստորագրել է այդ որոշումը և կասեցրել առևտրի կենտրոնի աշխատանքները: Աշխատակիցների խոսքով՝ տնօրինությունը բոլոր անվտանգային աշխատանքները կատարել է, սակայն տեսչական մարմինը ներկայացրել է փաստաթուղթ՝ նորմերի խախտման մասին։ Առևտրականները չգիտեն՝ ժամանակավո՞ր բնույթ է կրելու այս որոշումը, թե՞ մշտական։ «Մեզ ասել են, որ անժամկետ փակ է տոնավաճառը, էսքան մարդկանց ապրուստի միջոցը դա է: Փակել, ասել են՝ գնացեք, տեսեք՝ ինչ եք անում։ Թող ասեին, ժամանակ տային, տեսնեինք՝ ինչ ենք անում», - լրագրողների հետ զրույցում ասաց «Փեթակի» աշխատակիցը։ |