ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Մենք տանուլ կտանք. աշխարհը «կլիմայական դժոխքի» ճանապարհին է». ՄԱԿ գլխավոր քարտուղար
21:18, 07.11.2022 | mamul.am
11278 | 0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն ասել է, որ աշխարհը ներկայում գնում է «կլիմայական դժոխքի» ճանապարհով՝ ջերմոցային գազերի արտանետումների աճի պայմաններում:

Այս մասին նա նախազգուշացրել է Եգիպտոսում կլիմայի գագաթնաժողովի շրջանակներում իր բացման խոսքում։

«Մենք տանուլ կտանք: Ջերմոցային գազերի արտանետումներն աճում են: Գլոբալ ջերմաստիճանը աճում է: Եվ մեր մոլորակն արագորեն մոտենում է անկման կետին, որը կլիմայական քաոսն անշրջելի կդարձնի»,- ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կլիմայի փոփոխությունն անվանել է մեր դարի վճռորոշ խնդիրն ու առանցքային մարտահրավերը։

«Մարդկային գործունեությունը կլիմայի խնդրի պատճառն է: Մարդկային գործողություններն էլ պետք է լուծում դառնան: Գիտությունը միանշանակ է՝ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5 աստիճանով սահմանափակելու ցանկացած հնարավորություն նշանակում է մինչև 2050 թվականը հասնել համաշխարհային զուտ զրոյական արտանետումների: Մենք մոտենում ենք անդառնալիության կետին: Սարսափելի ճակատագրից խուսափելու համար G20-ի բոլոր երկրները պետք է արագացնեն անցումը հենց հիմա՝ այս տասնամյակում»,- ընդգծել է նա։
Գութերեշը հավելել է, որ զարգացած երկրները պետք է առաջնորդություն ստանձնեն այս հարցում։

Նա նաև կոչ է արել բանակցել «կլիմայական համերաշխության համաձայնագրի» շուրջ։

«Համաձայնագիր, որի համաձայն բոլոր երկրները լրացուցիչ ջանքեր կգործադրեն այս տասնամյակի արտանետումները նվազեցնելու համար՝ 1,5 աստիճանի նպատակին համապատասխան: Համաձայնագիր, որի համաձայն ավելի հարուստ երկրները և միջազգային ֆինանսական հաստատությունները ֆինանսական և տեխնիկական աջակցություն են տրամադրում զարգացող տնտեսություններին օգնելու՝ արագացնել անցումը դեպի վերականգնվող էներգիա: Համաձայնագիր, որում զարգացած և զարգացող տնտեսությունները միավորվում են ընդհանուր ռազմավարության շուրջ և համատեղում կարողություններն ու ռեսուրսները՝ ի շահ մարդկության: Սա կա՛մ համաձայնագիր է կլիմայական համերաշխության մասին, կա՛մ կոլեկտիվ պայմանագիր ինքնասպանության վերաբերյալ»,- եզրափակել է գլխավոր քարտուղարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր