ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Ռուսաստանը Իրանին 140 միլիոն եվրո է տվել և ուկրաինական պատերազմի ժամանակ առգրավված զենք՝ ԱԹՍ-երի դիմաց. #SkyNews
22:42, 09.11.2022 | mamul.am
7049 | 0

Ռուսական իշխանություններն Իրանին ուղարկել են 140 միլիոն եվրո կանխիկ գումար և Ուկրաինայում առգրավված արևմտյան զենքի նմուշներ՝ անօդաչու թռչող սարքերի խմբաքանակի դիմաց, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Բրիտանական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ին Թեհրանի օդանավակայան է ժամանել ռուսական ինքնաթիռը՝ առաքելով 140 միլիոն եվրո կանխիկ գումար և Ուկրաինայում առգրավված զենքի նմուշներ՝ բրիտանական NLAW հակատանկային հրթիռ, ամերիկյան Javelin հակատանկային հրթիռ և Stinger զենիթահրթիռային համակարգ:
Ստացված զենքերը կարող են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) հնարավորություն տալ սովորել և պատճենել արևմտյան տեխնոլոգիան՝ ապագա հակամարտություններում օգտագործելու համար, կարծում է Sky News-ի աղբյուրը։

Նշվում է, որ զենքի և փողի դիմաց Ռուսաստանը ԻՀՊԿ-ից ստացել է ավելի քան 160 իրանական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 100 «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարք։

Հեռուստաալիքի զրուցակիցը պնդում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Թեհրանի և Մոսկվայի միջև 200 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքերի վերաբերյալ հերթական գործարքն է կնքվել։ «Սա նշանակում է, որ շուտով Իրանից կժամանի անօդաչու թռչող սարքերի հերթական մեծ խմբաքանակը»,- ​​ասել է նա։
Կիևը Մոսկվային մեղադրում է իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելու համար։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ զինծառայողներին հաջողվել է իրանական արտադրության ավելի քան 300 սարք խոցել իրենց տարածքում, այդ թվում՝ Կիևում։ Ռուսական կողմը պաշտոնապես հերքում է այս մեղադրանքները։ Սակայն հոկտեմբերին ՌԴ ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի ներկայացուցիչը RBC հեռուստաալիքի ուղիղ եթերում թույլ տվեց սայթաքում իրանական զենքի կիրառման մասին։

Նոյեմբերի 5-ին Իրանը խոստովանեց, որ Ռուսաստան է մատակարարել Shahed անօդաչու սարքերը։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլլահյանի խոսքով՝ «փոքր քանակությամբ» անօդաչու սարքեր են մատակարարվել ռուսական ներխուժման մեկնարկից ամիսներ առաջ։

CNN-ը, վկայակոչելով անանուն արևմտյան երկրի պաշտոնյաներին, որոնք «ուշադրությամբ հետևում են Իրանի զենքի ծրագրին», գրել է, որ Թեհրանը պատրաստվում է ևս մոտ հազար զենք ուղարկել Մոսկվա՝ Ուկրաինայի պատերազմի համար։ Սրանք 450 հարվածային անօդաչու թռչող սարքեր են և կարճ հեռահարության «ցամաք-ցամաք» բալիստիկ հրթիռներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր