ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար». Թագուհի Թովմասյան
10:30, 15.11.2022 | mamul.am
6105 | 1

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար. հրատապ գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս

Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության պատրաստակամությանը՝ ամեն ինչ անել, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը շարունակաբար կրակ է բացում խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր ընդամենն իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ։ Եվ այս մարդիկ՝ ներառյալ երեխաներ, կանայք և ծերեր, թիրախավորվում են ադրբեջանական ուժերի կողմից. ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը ձգտում է քայլ առ քայլ կյանքի կոչել պետության ղեկավարի մակարդակով հովանավորվող իր ցեղասպանական քաղաքականությունը։

Մասնավորապես Ադրբեջանը՝

. Նոյեմբերի 5-ին Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակել է թիրախային կրակոցներ,

. Նոյեմբերի 12-ին Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակել է թիրախային կրակոցներ,

. Շարունակ կրակ է բացում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված դիրքերի, հայ բնակչության ուղղությամբ և միաժամանակ ապատեղեկատվություն տարածում՝ հայկական կողմին մեղադրելով իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։

Հիշեցնեմ, որ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի գործողությունների արդյունքում ունենք վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում (Ա. Հայրապետյանը ստացել է մարմնական վնասվածք, Պ. Խ-ն ստացել է հրազենային վիրավորում), ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկաներին հասցված վնասներ։

Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելության դրսևորում է և պարզապես ոտնահարում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը, որը միջազգային հումանիտար իրավունքի անկյունաքարային դրույթների կոպիտ խախտում է։

Ներկա իրավիճակի, Ադրբեջանի իրականացրած ագրեսիաներին նախորդող գործելաոճի վերլուծությունը հիմքեր է տալիս ահազանգելու, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար, ուստի հրատապ գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս՝ գործարկելու բոլոր հնարավոր իրավաքաղաքական մեխանիզմները՝ դատապարտելու Արցախի և Հայաստանի ժողովրդի հիմնարար իրավունքները խախտող Ադրբեջանի հանցավոր վարքագիծը և թույլ չտալու նոր ագրեսիա խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր պարզապես ցանկանում են անվտանգ և երջանիկ կյանք վարել իրենց հայրենի հողում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր