ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայ կանանց խիզախությունը խորհրդանշող արձանը` Երևանում
22:24, 20.11.2022 | mamul.am
5154 | 0

2012 թվականին Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից այգում կանգնեցվել է քանդակագործ Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» քանդակը։ Մոտ երեք մետր բարձրություն ունեցող քանդակում պատկերված են երկու կանայք, որոնք իրենց գրկում պահում են հայկական ձեռագրի երկու մեծ կտոր:

Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» քանդակը
Քչերը գիտեն, որ այդ քանդակը նվիրված է հայ կնոջ խիզախությանն ու հայ մշակույթի պահպանման գործում նրա ունեցած դերակատարմանը, իսկ այն ձեռագիրը, որ կանայք ամուր պահում են ձեռքերի մեջ, հայկական ամենամեծ ձեռագիրն է՝ «Մշո Ճառընտիրը», որը 1915 թվականի ցեղասպանության ժամանակ փրկել են երկու հայ գաղթական կանայք և փոխանցել Արևելյան Հայաստան:
«Մշո Ճառընտիր»
Այդ իրադարձությանն էլ նվիրված է քանդակը, որը հեղինակի նվերն է հայրենիքին:
«Մշո ճառընտիրը» հայկական ամենախոշոր ձեռագիրն է, որը գրվել և նկարազարդվել է 1200-1202 թվականներին: Ձեռագրի հիշատակարանից իմանում ենք, որ այն պատվիրել է ոմն իշխան Աստվածատուր, որը ցանկացել է ունենալ այնպիսի ձեռագիր, որից Հայաստանում չի եղել։ Սակայն պատվիրատուն չի հասցրել վայելել այս ձեռագիրը, քանի որ 1203 թվականին մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ սպանվում է, իսկ ունեցվածքը՝ բռնագրավվում։ Որպես ունեցվածքի մի մաս՝ ձեռագիրը խաբեությամբ խլում է Խլաթ քաղաքից մի թուրք աստիճանավոր, ով էլ հետագայում վաճառքի է հանում ձեռագիրը: Մոտ մեկ տարի վարած բանակցություններից հետո 4000 արծաթով ձեռագիրը փրկագնում են Մշո Սուրբ Առաքելոց վանքի միաբանները՝ Մուշի ու շրջակայքի բնակչության կատարած հանգանակության շնորհիվ: Մշո Սուրբ Առաքելոց վանքում «Մշո Ճառընտիրը» պահվում է 811 տարի՝ մինչև 1915 թվականը: 28 կգ կշռող մագաղաթյա հսկա ձեռագիրը, որն արդեն բաժանվել էր երկու մասի, երկու կանանց շնորհիվ փրկվում է կործանումից։ Կանայք ձեռագրի մի մասը թաղում են Էրզրումի եկեղեցու բակում՝ հետագայում այն վերադարձնելու հույսով, իսկ երկրորդ մասը փախցնում են Արևելյան Հայաստան և հանձնում Էջմիածնի Մայր տաճարին: Հետագայում Էրզրումի եկեղեցու բակից ձեռագրի մյուս հատվածը հայտնաբերել է մի ռուս սպա և այն տեղափոխելով Վրաստան՝ նվիրել է Հայկական Ազգագրության ընկերությանը։ Մեծ Եղեռնից շուրջ 15 տարի անց՝ 1929 թվականին ձեռագրի երկու հատվածները նորից միավորվում են:
Չնայած փրկության դժվարին ճանապարհին և խոշտանգումներին՝ ձեռագիրը փրկվել է խիզախ հայուհիների շնորհիվ, որոնք իրենց փրկության ճանապարհին առաջնահերթ իրենց հետ վերցրել են այս հսկա մատյանը, որն էլ այսօր հանգրվանել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ դիտորդներին պատմելով հայ ժողովրդի դարավոր պատմության, անցած դեժվարին ճանապարհի և բարձր մշակույթի մասին:
Իսկ խիզախ հայուհիների հերոսական և նվիրական արարքն էլ իր հերթին «Վարք հավերժություն» անունը ստացած հուշարձանի մեջ է ամփոփել քանդակագործ Դավիթ Երևանցին՝ անցնող-դարձողներին հիշեցնելով հայ կնոջ խիզախության, նվիրվածության և մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած մեծ դերի մասին։
Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» քանդակը
Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» քանդակը

Հայ կանանց խիզախությունը խորհրդանշող արձանը` Երևանում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր