Կիևի ողջ տարածքում դադարեցվել է ջրամատակարարումը. Kievvodokanal-ի մասնագետներն աշխատում են այն հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Խնդրում եմ, ամեն դեպքում, ջուր կուտակեք, փորձագետներն ամեն ինչ անում են, որպեսզի ջուրը վերադարձնեն Կիևի բնակիչների տներ»,- ընդգծել է նա։ Քաղաքապետը նաև նշել է, որ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի ցերեկը Ուկրաինայի շրջանների մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել։ Պայթյուններ են գրանցվել Օդեսայի և Նիկոլաևի շրջաններում։ Ըստ իշխանությունների՝ հարված է հասցվել կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, կան զոհեր և վիրավորներ: |