Մոլդովայում, այդ թվում՝ ինքնահռչակ Մերձդնեստրում, Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսական հրթիռային հարձակումից հետո էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը հրետակոծության պատճառով կանչել է ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին։ Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն ասել է, որ իշխանություններն աշխատում են երկրի տարածքի 50%-ի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ռուսաստանը երկիրը թողել է մթության մեջ։ Նրա խոսքով, էլեկտրամատակարարումը կարող է վերականգնվել, և պետական բոլոր կառույցներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ։ «Մենք չենք կարող վստահել մի ռեժիմի, որը մեզ թողնում է մթության և ցրտի մեջ», - ասել է նա։ «Անկախ նրանից, թե որքան դժվար է հիմա, մեր միակ ճանապարհը՝ Մոլդովայի ապագա ուղին, պետք է մնա դեպի ազատ աշխարհ»։ Էլեկտրաէներգիայի պակասն սկսվել է հոկտեմբերի 24-ից։ Սփինուն այն ժամանակ ասել էր, որ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերը, որոնք կնքվել են էլեկտրաէներգիայի ազգային մատակարարի՝ Էներգոկոմի կողմից, չեն կարողանա ծածկել ամբողջ սպառումը ժամը 7:00-ից մինչև 23:00-ն: |