ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ռումինիայի խորհրդարանը Հոլոդոմորը ճանաչել է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն
23:24, 24.11.2022 | mamul.am
4316 | 1

Նոյեմբերի 23-ին ռումինացի պատգամավորներն ու սենատորները համատեղ նիստում հռչակագիր են ընդունել, որում Ուկրաինայում 1932-1933 թվականների սովը ճանաչել են որպես ուկրաինացի ժողովրդի և մարդկության դեմ կատարված հանցագործություն։

Փաստաթղթում Ռումինիայի խորհրդարանը դատապարտում է ուկրաինացի ժողովրդի դեմ ուղղված այս արարքը, որը հանգեցրել է միլիոնավոր զոհերի, քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների զանգվածային ոտնահարման։

Պատգամավորները, ինչպես ասվում է հռչակագրում, համերաշխություն են հայտնում այս ողբերգությունից տուժած ուկրաինացի ժողովրդին և հարգանքի տուրք մատուցում 1932-1933 թվականների սովի միլիոնավոր զոհերի հիշատակին։
Ուկրաինայում 1932-1933 թվականների իրադարձությունները պաշտոնապես ճանաչվել են որպես ցեղասպանություն։ Ուկրաինայի պատմության ինստիտուտի տվյալներով՝ Ուկրաինական ԽՍՀ-ում սովի զոհերի թիվը կազմել է գրեթե 4 միլիոն մարդ, ևս 3 միլիոնը՝ Միության այլ շրջաններում։

2018 թվականին ԱՄՆ Սենատն աջակցել է բանաձևին, որն Ուկրաինայում Հոլոդոմորը ճանաչում է որպես ցեղասպանություն։ Ընդունված բանաձևի տեքստում ասվում է, որ միլիոնավոր մարդիկ են զոհվել ԽՍՀՄ ստալինյան կառավարության «Ուկրաինայում միտումնավոր սով ստեղծելու» որոշման պատճառով։ 2022 թվականի ապրիլի սկզբին Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև ընդունեց, որով Հոլոդոմորը ճանաչեց որպես ցեղասպանություն։ Հաղորդվում է, որ պատգամավորները դատապարտել են այս «հանցագործությունը ուկրաինացի ժողովրդի դեմ, զանգվածային բռնաճնշումներն ու մարդու իրավունքների ու ազատությունների խախտումները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր