Հայկական օրակարգ. հինգ քայլ՝ իրավիճակը փոխելու համար Մաս երրորդ Ունենք ՄԵԿ հոգուց կազմված իշխանություն և բազմաթիվ գրագետ ու պարկեշտ մարդկանցից կազմված, բայց` սպառված ձևաչափերով ընդդիմություն։ Հետևաբար, ՄԵԿ հոգին հաղթում է։ Սա բացառիկ ռիսկային վիճակ է, որը ստեղծում է համատարած անորոշության և հուսալքության մթնոլորտ ու նոր աղետի նախաշեմ։ Նոր ընդդիմադիր ձևաչափեր, և իհարկե՝ դիմադրություն Ընդդիմության մարդկային, որակական, մասնագիտական ռեսուրսը շատ մեծ է։ Շատ ավելի մեծ է պոտենցիալը՝ նոր դեմքերով ու նոր հանրային շրջանակներով ուժեղանալու և վճռորոշ միավոր դառնալու համար։ Խնդիր առաջին. Բացել դռները լայն շերտերի համար, կարող անհատների, մտահոգ մարդկանց, ակտիվ շրջանակների ու համակիրների առաջ։ Ընդդիմության այսօրվա «հոմոֆոբ» փակ ձևաչափերն են իշխանության լկտիության պատճառը։ Խնդիր երկրորդ. Ընդդիմադիր նոր ձևաչափերը պետք է շատ արագ լուծեն արտահերթ ընտրություններին պատրաստ լինելու խնդիրը։ Մի քանի ամսում թե´ իշխանության, թե´ բոլոր այլ էլիտաների համար պետք է պարզ դառնա, որ ընդդիմությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների, չի վախենում, չի խուսափում դրանցից։ Խնդիր երրորդ. Պետք է սկսվի մեծ փաստաթղթի մշակում՝ «Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը» պայմանական անունով։ Այն պետք է ներառի բոլոր հարցերը՝ ասել է թե՝ ընդդիմությունը սկսում է աշխատել, ոչ թե «Մեր» օրակարգով, այլ՝ քաղաքացու։ Անվտանգություն, Արցախ, արտաքին քաղաքականություն, ներքին բարեփոխումներ, տնտեսություն, սփյուռք, մարզերի զարգացում, բիզնես և այլն, և այլն։ Քաղաքացուն հուզող և պետության համար կարևոր բոլոր հարցերը պետք է ներառված լինեն։ Խնդիր չորրորդ. Փաստաթղթի մշակումն ինքը հենց քաղաքական-հանրային պրոցես է, որում պետք է ներգրավվեն բազմաթիվ ոլորտային մասնագետներ՝ իրենց շրջանակներում, երկրի սահմաններում և երկրից դուրս հեղինակություն վայելող մարդիկ։ Փաստաթղթի մշակումը պետք է ուղեկցվի փակ և հրապարակային քննարկումներով, որոնց մասնակից պետք է դառնան հանրային տարբեր շերտեր, և ի վերջո՝ ողջ հասարակությունը։ Լայն մասնակցային պրոցեսը և միասնական ապագայի քննարկումները, բանավեճը ամենահուժկու քաղաքական պրոցեսն է, միջընտրազանգվածային երկխոսությունը, որի դեմ իշխանությունը լինելու է անուժ։ Խնդիր հինգերորդ. Միասնական տեղեկատվական կենտրոն. 100 խելոք անհատի հնչեցրած մտքերը կաթիլ են, եթե դրանք մնում են անհատական կարծիքի մակարդակում։ Միասնական միավորի անունից և միասնական գործունեության շրջանակներում հնչեցված՝ 100 խելոք անհատի մտքերն արդեն 9-րդ ալիք է, որը կփոխի առկա տրամադրությունները, անօգնական հոտային վիճակում գտնվող հասարակությունից կսարքի մոտիվացված, պայքարող հասարակություն։ Կարվի՞ արդյոք այս ամենը Հինգ քայլ՝ գրագետ տեխնոլոգիական լուծումներով, և կունենանք լրիվ այլ վիճակ։ Կունենանք նոր տրամադրություններ մեր երկրում՝ նոր լուծումների հնարավորություններով։ Մենք պետք է դուրս գանք այսօրվա մանր, բամբասանքային, «մանդատա-օրակարգային» պատկերացումներից։ Կգնա՞նք այս ճանապարհով, դժվար է ասել, որովհետև լինելու է մեծ դիմադրություն։ Ընդ որում իշխանությունն այդտեղ ոչ մի կապ չունի։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ |