ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել դատապարտյալից գումար հափշտակելու համար
15:30, 25.11.2022 | mamul.am
2024 | 0

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ռ. Ս-ն, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը, խարդախությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով դատապարտյալից գումար է հափշտակել:

Մասնավորապես` պարզվել է, որ Ռ. Ս-ն ծանոթություն է հաստատել Դիլիջան քաղաքի բնակիչ Ս. Հ-ի հետ, որը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 8-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման: Դրանից հետո` 2017 թվականի հունիսի 21-ին, դատապարտյալի պաշտպանը դիմում է մուտքագրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Հ-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ:

Դատավորի օգնական Ռ. Ս-ն, տեղեկացված լինելով վերը նշված դիմումի մասին և նպատակ ունենալով դատապարտյալից խարդախությամբ գումար հափշտակել, Ս. Հ-ին հայտնել է, որ որպես պատժատեսակ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու համար անհրաժեշտ է 300.000 ՀՀ դրամի պետական վճարում կատարել, մինչդեռ օրենքով որևէ նման վճարում սահմանված չի եղել:

Արդյունքում` Ռ. Ս-ն Վանաձոր քաղաքում հանդիպել է դատապարտյալ Ս. Հ-ի հետ և նրանից ստացել 300.000 ՀՀ դրամ գումարը:

Քննության առնելով Ս. Հ-ի պաշտպանի դիմումը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հիշյալ դիմումն ըստ ընդդատության ուղարկելու վերաբերյալ, որից հետո դատապարտյալ Ս. Հ-ի պահանջով Ռ. Ս-ն հիշյալ գումարը վերադարձրել է նրան:

Ռ. Ս-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր