ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը». Արթուր Թովմասյան
16:00, 26.11.2022 | mamul.am
2030 | 0

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի խոսքը՝ «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովում.

«Ողջունում եմ բոլորիդ Ազգային ժողովի հյուրընկալ օջախում և խորապես կարևորում «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը:
Մեր օրերում, երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարը։
Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հակառակ դիրքորոշումներին, մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն: Մեր այս դիրքորոշումը պետք է ընկալելի լինի նաև Հարավային Կովկասում իրենց տարածաշրջանային շահերը հետապնդող երկրների համար: Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին։
Հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները:
Ադրբեջանը ցայսօր, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, որոնք որակվում են ինչպես հայատյացության դրսևորում, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման և հատկապես՝ խաղաղապահ առաքելության չեզոքացման նենգ դրսևորում։
Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ:
Մենք կանգնած ենք անցյալից դասեր առնելու, ընդօրինակելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև: Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է: Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը:
Աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերիներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։
Հավատացած եմ՝ այսօրվա գիտաժողովը հետաքրքիր քննարկումների ու եզրահանգումների հարթակ կհանդիսանա, ինչը հնարավորություն կընձեռնի քննելու մեր ձեռքբերումներն ու թերացումները,ներկայիս մարտահրավերները գիտա-գործնական հարթության վրա ուսումնասիրելու եւ համապատասխան գնահատականներ ու առաջարկներ հավաքագրելու:
Մեր պայքարը շարունակական է, դիրքորոշումը՝ անփոփոխ»:

Աղբյուրը` ԱՀ ԱԺ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր