ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Ադրբեջանը հարձակվելու է․ Երևանում ևս պետք է պաշտպանական գիծ կառուցել»․ Արմեն Այվազյան
21:54, 28.11.2022 | mamul.am
8219 | 2

«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարին հյուրը պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն է։
«ՀԱՊԿ-ում մնալ-չմնալը Հայաստանի համար ժամանակավրեպ ու անկարևոր հարց է, որն այս պահին սպասարկում է ոչ թե մեր, այլ երրորդ ուժերի օրակարգը։
Մնա ՀՀ-ն ՀԱՊԿ-ում, թե դուրս գա նրանից՝ Ադրբեջանը, միևնույնն է, վաղ թե ուշ դիմելու է նոր մեծածավալ ագրեսիայի, իսկ ՀԱՊԿ-ն, ի պաշտպանություն Հայաստանի, էական քայլեր չի ձեռնարկելու։ Այդ մասին է ամեն առիթով պարզ հայտարարում Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն՝ արտահայտելով կազմակերպության անդամ-պետությունների ընդհանուր կարծիքը։
Այնինչ ՄԵԶ ՀԱՄԱՐ վճռորոշ նշանակություն ունեցող հրատապ հարցերը բոլորովին այլ են։ Ահա դրանց առանջային շարքը.
• Որքա՞ն է Հայկական բանակի ընդհանուր թվաքանակը։ Ի՞նչ կարելի է անել այդ թիվը հնարավորինս մեծացնելու համար։
• Ի՞նչ թիվ են կազմում ՀՀ ուժային կառույցների այն ստորաբաժանումները, որոնք կարող են միանալ Հայկական բանակին և արդյունավետորեն մասնակցել ռազմական գործողություններին։ Ի՞նչ կարելի է անել այդ ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելու համար։
• Որքա՞ն պահեստազորային կմիանա Հայկական բանակին ադրբեջանական հարձակումից 24-48 ժամվա ընթացքում, ապա և հետագայում։ Ի՞նչ կարելի է անել պահեստազորայինների մարտական պատրաստության աստիճանը բարձր պահելու համար։
• Հայաստանում քանի՞ աշխարհազորային գումարտակ, վաշտ ու դասակ է կազմավորված։ Քանի՞սն են պատրաստ մասնակցելու մարտերին և ապահովելու թիկունքի անվտանգությունը։ Ի՞նչ պետք է արվի նրանց մարտունակությունը բարձրացնելու համար։
• Որքա՞ն է Հայաստանի աշխարհազորային ջոկատների մարտիկների թվաքանակը։ Ի՞նչ կարելի է անել նրանց թիվը մեծացնելու համար։
• Հայաստանի սահմանամերձ շրջաններում ո՞ր քաղաքներն ու գյուղերը դեռևս չունեն կազմակերպված աշխարհազորային զորաջոկատներ։ Ի՞նչ պետք է արվի դրանք շուտափույթ կերպով ստեղծելու համար։
• Ի՞նչ նոր և նորագույն զենքով ու սպառազինությամբ են դիմադրելու թշնամուն մեր բանակայիններն ու աշխարհազորայինները։ Ի՞նչ պետք է արվի այդ կարևորագույն խնդիրը պատշաճորեն լուծելու համար։
• Ովքե՞ր՝ ո՞ր հրամանատարներն են առաջնորդելու Հայկական բանակն այս անգամ՝ սարդարապատյան բնույթի գալիք մարտերում։
• Ինչպե՞ս է ընթանում ամրաշինությունների կառուցման աշխատանքը։ Ի՞նչ պետք է անել Սյունիքն անառիկ ամրոցի վերածելու համար։ Ի՞նչ պետք է անել ամրաշինություններն ամբողջ Հայաստանում և հատկապես սահմանամերձ գոտիներում շատացնելու ուղղությամբ։
• Ե՞րբ է ի վերջո կարգի բերվելու ՀՀ քաղաքացիական պաշտպանության բնագավառն, մասնավորապես՝ խաղաղ բնակչության համար նախատեսված ապաստարանները։
• Ո՞ր պետություններն են պատրաստ կամ պատրաստակամ մեզ սատարելու՝ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու գործում։ Ի՞նչ պետք է անել նրանց հետ անհապաղ սերտ ռազմական հարաբերություններ հաստատելու համար։
• Որքա՞ն են Հայաստանում գազի, վառելիքի, զինամթերքի և սննդամթերքի պաշարները։ Ի՞նչ պետք է անել դրանք մեծացնելու համար։
• Քանի՞ հայ է պատրաստ արտերկրից ժամանել Հայաստան՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։ Այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ կարելի է իրականացնել։ Ի՞նչ օրենսդրական և այլ կարգի միջոցներ կարելի է ձեռնարկել այդ նպատակով սփյուռքահայ երիտասարդների մուտքը Հայաստան դյուրացնելու և նրանց ծառայությունը Հայկական բանակում կամ աշխարհազորում արագորեն կազմակերպելու համար։
Հե՛նց այս հարցերը պետք է լինեն (լինեին) ինչպես հայ հասարակության, այնպես էլ իշխանության և ընդդիմության ուշադրության և գործունեության կիզակետում, անկախ այն հանգամանքից՝ որ նրանցում առկա են պետական գաղտնիքի տարրեր։ Տվյալ դեպքում կարևորը ոչ թե հստակ թվերն են, այլ նշված ուղղություններով տարվող (այժմ՝ բարձիթողի) աշխատանքը, որովհետև բոլոր վերոհիշյալ դեպքերում մենք առավելագույն հնարավորն ապահովելու կարիքն ունենք։ Բայց արի ու տես, որ ճիշտ այս գերակա հարցերն են հետևողականորեն շրջանցվում ՀՀ քաղաքական հիմնական ուժերի խոսույթում, որոնք շարունակաբար շեղում ու ապակողմնորոշում են հասարակության լլայն շերտերին այլևս վաղուց երկրորդական-երրորդական նշանակության թեմաներով։
Ուստի առողջ ուժերի խնդիրն է՝ վերադարձնել Հայաստանի ժողովրդին իր բուն, իսկական քաղաքական օրակարգը, որն այս փուլում կարելի է կարճ սահմանել ընդամենը երկու բառով՝ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»,- մասնավորապես ասաց Արման Այվազյանը։

«Ադրբեջանը հարձակվելու է․ Երևանում ևս պետք է պաշտպանական գիծ կառուցել»․ Արմեն Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր