ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշեց, որ նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառմանն առնչվող օրենքում: «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր գրանցման, հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրացման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հեշտ ու հասանելի դարձնելու համար»,- ասաց նա՝ մանրամասնելով. «Նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է։ Առաջարկվում է ներկայացնել գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագիրը այն մասին, որ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործեր, հարուցված և չկարճված կատարողական վարույթներ, տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթներ, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորություններ չկան»,- ասաց Ա. Հարությունյանը։ |