ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի պատգամավորի նկատմամբ վարույթ է հարուցել. «Ժողովուրդ»
09:36, 01.12.2022 | mamul.am
3101 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման» հիմքով: Տեղեկացանք, որ պատգամավորներն արդեն ստացել են հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա: Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ:

Ստացվում է, որ հանձնաժողովը պատգամավորների գործունեության մասով խախտում է գտել (նրանք նաև բիզնես գործունեությամբ են զբաղվում), ինչը անհամատեղելի է: Իսկ ովքե՞ր են այն պատգամավորները, որոնց նկատմամբ հանձնաժողովը վարույթ է հարուցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարույթ է հարուցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և ևս մեկ ՔՊ-ական պատգամավորի նկատմամբ, որի վարույթը դեռևս ընթացքի մեջ է, և առաջիկայում կներկայացնենք, թե ով է նա:

Օրաթերթի հետ զրույցում Գեղամ Նազարյանը հաստատեց, որ ծանուցում ստացել է հանձնաժողովի կողմից՝ իր նկատմամբ հարուցված վարույթի մասով, և նշեց, որ դա թյուրիմացություն է եղել. ինքը կգնա վարույթի մասով նշանակված նիստին և կպարզաբանի ամեն ինչ: Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ծանուցումը ստացել են, և տեղի ունեցածը իրենց համար թյուրիմացության հետևանք է, ինչով այս պահին զբաղվում են իրավաբանները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր