Օրերս Մատենադարանում բացվել է բացառիկ ցուցահանդես, որտեղ տարբերի դարերի ձեռագրերի, պատկերների միջոցով ներկայացված է պատմության մեջ առաջին երկու քրիստոնյա արքաների՝ Կոստանդին Մեծի և Տրդատ Մեծի հանդիպման պատմությունը: «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ․ Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են գրավոր աղբյուրներով և պատկերներով մեզ հասած այն տեղեկությունները, որոնք վերաբերում են երկու թագավորների հանդիպման պատմությանը և երկու երկրների միջև կնքված «սիրո և միաբանության» դաշինքին, որն անցնելով դարերի միջով՝ հարստացել է զանազան պատումներով, նկարազարդվել է և ի վերջո սրբազնացվել։ Առաջին անգամ 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսն է նկարագրել այս հանդիպումը, իսկ հետագայում 9-11-րդ դարերում և Կիլիկիայի թագավարության շրջանում է հանգամանալից անդրադարձ եղել, ընդարձակվել, վերափոխվել այս պատմությունը, քանի որ անհրաժեշտություն կար նորից հղում կատարել Բյուզանդական կայսրության հետ այս դաշինքին՝ նոր ձևավորվող Ռուբինյանների թագավարության համար խաչակրաց պետությունների և Հռոմի պապական աթոռի աջակցությունը ստանալու ակնկալիքով։ |