ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Աղետը շատ մեծ է. միլիոնավոր դոլարների վնասներ է կրում պետությունը». Գառնիկ Դանիելյան
23:42, 01.12.2022 | mamul.am
4065 | 0

«Բեռնատարի այն վարորդները, որոնց հետ ես մշտական կապի մեջ եմ, մեկ ամսից ավելի է՝ Վրաստանում են: Բեռնատարները 20 օրից ավելի Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա էին, իսկ հիմա, որ էկոնոմիկայի նախարարը նշում է, թե դրական տեղաշարժ կա, այդ տեղաշարժը կապում է Թբիլիսին շրջանցելու հետ: Այսինքն՝ 1 ամսվա ընթացքում բեռնատարներին հաջողվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին շրջանցել, և նա նշում է, որ դա մեծ առաջընթաց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Խնդիրը նա երկու մասի է բաժանում՝ Ռուսաստանի հետ կապված խնդիր և Վրաստանի հետ կապված խնդիր. «Վրացական, թուրքական և ադրբեջանական բեռնատարներն անարգել անցնում են, և դա բացատրվում է նրանով, որ Ռուսաստանի սահմանին մանրակրկիտ զննության են ենթարկվում մեր բեռնատարները: Վրաստանն առիթից օգտվում է, և ըստ վարորդների՝ կանգնած տեղում վրացական ոստիկանությունը տուգանում է մեր վարորդներին՝ առանց բացատրություն տալու, թե ինչի համար: Համենայնդեպս, ըստ վարորդների՝ 2020թ. հետո իրավիճակ է փոխվել, և Վրաստանում իրենց լավ չեն վերաբերվում, պատճառներից մեկն էլ համարում են մեր իշխանությունների ոչ արդյունավետ հարաբերությունները վրացական իշխանությունների հետ»:

Պատգամավորը հերթական մանիպուլյացիան է համարում էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությունը, թե ամեն տարի ձմռանը Լարսը խնդիրներ է ունենում. «Լարսում դեռ ձյուն չի եկել, բեռնատարները մի քանի տեղ են կուտակված, որևէ բնակլիմայական պայմաններ նրանց չեն խանգարում, խնդիրը մեր իշխանությունների հանցավոր անգործությունն է: Ընդհակառակը՝ մանիպուլացնում են և ստեր են ասում»:

Գառնիկ Դանիելյանը շեշտեց՝ այս իրավիճակի պատճառով տուժում են բոլոր կողմերը՝ և՛ բեռնատարի վարորդները, և՛ բեռնատարների տերերը, և՛ գյուղատնտեսությունն է սրանից տուժելու. «Ինձ բազմաթիվ գյուղացիներ են ահազանգել, որ մեծ վնաս է հասցվել խաղողագործությանը, ջերմոցային տնտեսություններին, օրինակ՝ ծաղիկը թափում են, որովհետև տեսնում են, որ բեռնատարները մեկ ամիս խցանման մեջ կանգնած են, էլ չեն փորձում արտահանել: Ավելին, փչացած բերքը թափելու համար էլ են ծախս անում: Աղետը շատ մեծ է. միլիոնավոր դոլարների վնասներ է կրում պետությունը, իսկ այս իշխանությունները, 4 տարի է՝ խոսում են լաստանավից, այլընտրանքային ճանապարհներից: Այսպես շարունակվելու դեպքում մենք ոչ միայն արտահանման, այլև ներմուծման խնդիրներ ենք ունենալու՝ թանկացումների տեսքով: Ինձ ահազանգեցին, որ նաև բեռնափոխադրումն է թանկացել: Մեր ժողովուրդն այս թանկացումները մոտ օրերս իր գրպանի վրա հերթական անգամ կզգա»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Աղետը շատ մեծ է. միլիոնավոր դոլարների վնասներ է կրում պետությունը». Գառնիկ Դանիելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր