ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Լուսանկարներում պատկերվածը մեկ տարվա պատմություն չէ». քաղաքապետի տեղակալ
00:00, 02.12.2022 | mamul.am
5727 | 1

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրապետության Հրապարակի շենքերի վրա ամանորյա լուսավորության աշխատանքների մասին.
երեկ և այսօր համացանցում տարածվում են տարբեր նկարներ և տեսանյութեր, որոնք հայտնում են, թե Հանրապետության Հրապարակի շենքերի հետ ահավոր բան է տեղի ունենում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծի շրջանակներում վնասվում են պատմամշակութային հուշարձան հանդիսացող այս շենքերը։
Եվ այս գործընթացի մասին պատմող նյութերի «պաստառն է» զարդանախշի մեջ մխրճված հեղույսը (болт)։ Իրականությունը, ինչպես հաճախ է լինում, ներկայացվածից տարբերվում է։
Այո, Հանրապետության Հրապարակում գտնվող շենքերի վրա իրականացվող աշխատանքների շրջանակներում անցքեր են արվել, որպեսզի հնարավոր լինի ապահովել քաղաքացիների համար հնարավորինս անվտանգ համակարգ, և հաշվի առնելով այդ շենքերի կարգավիճակը՝ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով կազմակերպության համար նախատեսվել է պարտավորություն՝ համակարգի ապամոնտաժումից հետո փակել (լցնել) բոլոր անցքերը (պայմանագրի ծածկագիրը՝ ԵՔ-ՄԱԾՁԲ-22/184, էջ 8, «զ» կետ)։
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե անգամ վերականգնումից հետո հնարավոր չի լինելու ունենալ նույն արտաքին տեսքը, անհրաժեշտ եմ համարում նշել, որ եթե խնդիրը դիտարկենք բացառապես արտաքին տեսքի տեսանկյունից, ապա անցքերի լցման աշխատանքներ կարող էին առհասարակ չնախատեսվել, քանի որ ապամոնտաժման աշխատանքներից հետո արված անցքերն անզեն աչքով անգամ տեսանելի չեն լինելու։ Նշված աշխատանքները նախատեսվել են, որպեսզի անցքերի պատճառով չառաջանան այլ գործընթացներ խոնավության և այլ պատճառներով։
Անդրադառնալով տխրահռչակ զարդանախշի մեջ մխրճված հեղույսին՝ պետք է նշեմ, որ այն անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չի լինի կապել քննարկվող աշխատանքների հետ, քանի որ․
1. Շենքի այն հատվածում, որտեղ եղել է, իսկ այժմ բացակայում է այդ հեղույսը, զարդեր չեն կախվել և չեն կախվելու, ուստի այդ հատվածում հեղույս տեղադրելու պրակտիկ անհրաժեշտությունն անգամ բացակայել է։
2. Ակնհայտ է, որ բոլոր լուսանկարները և այս թեմայով լուսաբանումը սկսվել և շարունակվել է զարդերի կախման աշխատանքներին զուգընթաց կամ անգամ դրանից հետո, ուստի եթե հեղույսի տեղադրումը պայմանավորված լիներ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծով, ապա դրա օգտագործմամբ, ի վերջո, պետք է զարդեր կախվեին, ինչը չի արվել և դրանում կարելի է համոզվել՝ այցելելով Հանրապետության Հրապարակ։
Գուցե հարց առաջանա. իսկ եթե զարդանախշը չի վնասվել այս նախագիծն իրականացնելիս և այն իրականացնող կազմակերպության կողմից, ապա ու՞մ կողմից և ե՞րբ է վնասվել։ Նման հարցը, թերևս, տրամաբանական կլիներ, եթե այն պատկերը, որն ամբողջ օրը հրամցվում էր որպես Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված հրեշագործություն, բացառիկ լիներ։ Ցավոք, դա այդպես չէ։ Լուսանկարներում պատկերվածը մեկ տարվա պատմություն չէ և վստահաբար ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ամանորյա լուսավորության նախագծի հետ։ Բայց, չգիտես ինչու, ճարտարապետական հուշարձանները վնասելու մասին խոսող շատ մարդիկ, շատ հնարավոր է, որ ամեն օր անտարբեր անցնում են այս ամենի կողքով և նույն եռանդով չեն բարձրաձայնում դրանց անթույլատրելիության մասին։ Փոխարենը շատ եռանդուն անդրադառնում են վերջերս արված շատ ավելի փոքր ծակերին, որոնք, ինչպես նշեցի, նախագիծն ավարտվելուց հետո լցվելու են և շենքերին արդյունքում որևէ վնաս չի հասցվելու։
Եզարափակելով՝ կուզեմ ասել, որ բնականաբար բոլոր պատկան մարմինները պետք է առավելագույն ջանք գործադրեն Երևանի բոլոր և հատկապես պատմամշակութային շենքերը պահպանելու և վերականգնելու համար։ Համոզված եմ նաև, որ դա ավելի լավ կստացվի մանիպուլյացիայից և երեսպաշտությունից զերծ մթնոլորտում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր