ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+3 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+4 °C
«Երեկ աշխարհում երկու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել». Արթուր Դանիելյան
16:48, 03.12.2022 | mamul.am
9310 | 0

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ աշխարհում երկու, իրար հետ փոխկապակցված, ու շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Քալիֆորնիայում մի շարք ֆիզիկոսների հաջողվել է քվանտային համակարգչի օգնությամբ ստեղծել «Էյնշտեյն-Ռոզենի կամուրջի» (դրան նաև «քվանտային որդնախոռոչ» են ասում) հոլոգրաֆիկ սիմուլյացիա, իսկ Հայաստանի Ազգային Ժողովում` հիշյալ ֆիզիկոսների բացահայտումների պրակտիկ ապացույցը հանդիսացող հերթական կրկեսային բեմադրությունն էր:
Վստահ եմ շատերդ լսած կլինեք «Շրյոդինգերյան կատու» արտահայտությունը, ոմանք երևի նույնիսկ գիտեն` դա ինչ է: Կալիֆորնիայում ֆիզիկոսները փաստացի ստեղծել են այդ «կատուն», որը Շրյոդինգերի տեսության համաձայն կարող է միաժամանակ լինել համ ողջ, համ` մահացած: Սա իր հերթին քվանտային ֆիզիկայի երեք սկզբունքներից մեկի՝ քվանտային սուպերպոզիցիայի պարադոքսներից մեկն է: Փորձեմ դա հնարավորինս մատչելի բացատրել:
Տեսեք. ըստ քվանտային ֆիզիկայի տեսության՝ ամեն ինչը կարող է լինել ամեն ինչ, ցանկացած նյութ կարող է չլինել նյութ, այլ լինել, օրինակ` էներգիա և դրևորի ալիքի հատկություններ, այսիքն չափվի ոչ թե կիլոգրամով, այլ հաճախականությամբ: Ըստ այդ տեսության ամեն ինչի էությունը որոշում է վերահսկողը, կամ դիտորդը, իսկ ավելի ստույգ` դիտորդի կամքը: Այսինքն, եթե շատ կոպիտ ասեմ՝ քանի դեռ դուք կարծում եք, որ այս իմ գրված տեքստը դուք կարդում եք հեռախոսի էկրանից, ձեր դիմաց էկրան է, բայց հենց որ դուք դադարեք ուզենալ տեսնել էկրան, այն կդադարի լինել էկրան ու այդ էկրանը գոյություն ունի, քանի դեռ դուք դրա վրա եք նայում:
Մինչև երեկ այս ամենը ընդամենը տեսություն էր, իսկ երեկվանից կա` այդ ամենը ապացուցող էքսպերիմենտ: Սա էքսպերիմենտ է, որն ըստ էության պնդում է, որ մարդու գիտակցությունը կարող է անել ամեն ինչ` ստեղծել ցանկացած բան, լինել ցանկացած տեղ: Ամեն ինչ սահմանափակված է միայն այդ գիտակցության կամքով: Օրինակ` ժամանակին մարդկանց թվում էր, որ երկիր մոլորակը հարթ է, հետո ստեղծվեց մեկ այլ իրականություն, որտեղ մարդիկ որոշեցին, որ երկիրը կլոր է: Հիմա կան մարդիկ, որոնց համար երկիրը մնում է հարթ: Բայց երկրի իրական տեսքը հնարավոր է ոչ հարթ է, ոչ էլ` կլոր: Հնարավոր է, որ երկիր մոլորակ առհասարակ չկա, ուղղակի մեր գիտակցությունը դեռ դա բացահայտելուն պատրաստ չէ, այնպես, ինչպես մինչև 20-րդ դարը մեր գիտակցությունը պատրաստ չէր ու մեծամասամբ հիմա էլ պատրաստ չի ընկալել, որ մասնիկները կարող են լինել ֆոտոններ, գտնվել ամեն տեղ ու միշտ և իրար հետ փոխակապակցված, նույնիսկ «որդնախոռոչի» տարբեր ծայրերում գտնվելիս:
Ընդ որում, մարդկությունն այս բացահայտումը կարող է համատարած գիտակցել, բայց կարող է նաև անգիտակցության մատնել ու մոռանալ ու կորցնել, այնպես, ինչպես մի քանի հարյուր տարի մոռացվել էր Հռոմեական կանալիզացիաների տեխնոլոգիաները: Հռոմը քանդվեց, քանդվեց նաև կանալիզացիան, մահացան այդ գյուտի վարպետները ու մի քանի դար հետո մարդկությունը բարեբախտաբար նորից բացահայտեց կանալիզացիան: Կան նաև ապացույցներ, որ նախկինում մեզ հայտնի բազմաթիվ տեխնոլոգիաներ մենք դեռ չենք վերաբացահայտել:
Ավելի աշխարհիկ օրինակներ բերեմ. 19-րդ դարի կեսերին, Օպիումային պատերազմների ժամանակ, Չինաստանի կայսրի արտակարգ լիազոր (վարչապետոտ մեկը)՝ Լին Ցզեսուան հայտարարել է, որ անգլիական հրանոթը շատ արդյունավետ է, քանի որ կախարդված է, և որ դրա դեմը կարելի է առնել` կույսերի մեզի մեջ թաթախված նիզակներով: Ազգային ազատագրական պայքարին լծված չինացիք ահագին կույս են ճարում, ենթադրում եմ գարեջուր են կույսերին խմցնում կամ ձմերուկ կերցնում, նիզակները «ափգրեյդ» են անում ու գրոհում են անգլիացիքին: Զարմանալիորեն կույսի մեզի մեջ թաթախված նիզակներն անգլիական կախարդական հրանոթի դեմ պայքարում դրսևորում են իրենց այնպես, ինչպես շարքային, չթաթախված նիզակները կդրսևորեին շատ հասարակ, չկախարդված հրանոթի դեմ: Սրա արդյունքում Չինաստանը պարտվում է ու դառնում Անգլիացիքի գաղութ:
Այս պատերազմից 180 տարի անց Չինաստանի կայսրը նորից է փորձում գրոհել անգլիական հրանոթի դեմ: Այս անգամ միզող կույսերի դերն իրենց վրա վերցրեցին Ռուսաստանի ազգային պահապանողական, ընտանեկան արժեքների փրկիչները: Ցավոք պարզվեց, որ Ռուսաստանում քվանտային սուպերպոզիցիան վաղուց են յուրացրել և կիրառում են այն թալանի վրա՝ թալանվում է ամեն ինչ, ամեն տեղ ու միշտ: Սրա հետ մեկտեղ պարզվեց, որ պահպանողական ռուսները աշխարհի առաջատարն են ընտանիքի կազմաքանդման ցուցանիշով, եկեղեցի են հաճախում ավելի քիչ, քան աշխարհի ամենալիբերալ երկրները, զորահավաքի ժամանակ միլիոններով փախչում են երկրից, չեն փախչում միայն նրանք, ովքեր չեն կարող դա անել ֆիզիկապես, անգլիական թուխթ ու գիր արած հրանոթի դեմ կռվելուց էլ նիզակներին հավասարազոր տեխնիկայով են դա անում, քանի որ քվանտային սուպերպոզիցիոն թալան է երկրում ու նույնիսկ կույս ճարելն ա անհնար, որ գոնե փորձեին չինական գյուտը:
Հիմա կասեք, որ զարմանալու ոչինչ չկա, «Անգլիան» երկու անգամ էլ հաղթել է, քանի որ օբյեկտիվորեն ավելի հզոր է եղել, մինչդեռ քվանտային ֆիզիկան ասում է, որ անգլիացի դիտորդն ավելի մեծ կամք է ունեցել, քան պայմանական չինացի դիտորդը և հաղթողը որոշվել է միայն պայմանական դիտարկման պահին: Ու եթե անգլիականի փոխարեն չինական աչքը լիներ ամենատես, ապա կույսերը, մեզը, ռուս պահապանողականներն ու ասենք` «Արմատա» տանկը, կդառնային իրականություն ու կհաղթեին:
Այսինքն, Սի Ձինպինը դիտեց ու որոշեց, որ Պուտինը կարա հայերին խուրդի թուրքերի վրա ու դրա հաշվին Ուկրաինան երեք օրում վերցնի, իսկ ամերիկացիք դիտեցին ու որոշեցին, որ Պուտինը, հայերին խուրդելով, ամենինչ կորցնելու է ու չինացիքին նորից գցի Վաշինգտոնի գիրկը: էս երկու տարբերակը, ըստ քվանտային ֆիզիկայի, հավասարազոր են մինչև դիտարկման պահը: Երկուսն էլ իրականություն են, երկու իրականություն միլիարդավոր զուգահեռ ընթացող իրականություններից: Այս երկու իրականությունները զուգահեռ ապրեցին պայմանականորեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը, երբ երկու իրականությունները բախվեցին ու մնաց մեկը: Մնաց այն իրականությունը, որի դիտորդի աչքն ավելի բարձրից էր դիտում, քան` մյուսինը:
Նույն այս քվանտային աշխարհաքաղաքական սուպերպոզիցիայի շրջանակներում, վստահ եմ մեր բոլորիս կողմից արդեն սիրված, տիտղոսակիր «ընդդիմությունը» իր սեփական իրականությունն է որոշում «դիտել» ու մեզ «դիտել» տալ: Այս իրականությունում նրանք նախապես, մոտ մեկ շաբաթ առաջ, դեկտեմբերի 2-ի վրա ԱԺ-ում քննարկում են ամրագրում, որի հիմնական մեխն է դառնում քննարկման նախորդ օրը, շատ պատահականորեն արված, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի բավականին պրիմիտիվ կեղծիքը: Վստահ եմ պատահական է համընկել: Թեպետ ֆիզիկան այլ բան է պնդում:
Ըստ այս իրականության «ընդդիմադիր» սցենարիստների նման պարզունակ կոմբինացիան պիտի հանգեր նրան, որ հայ ժողովուրդը կգիտակցեր, որ ռուսները չէ, որ ադրբեջանի հետ միասին մեզ կտոր կտոր ոչնչացնում են, այլ ընդհակառակը` ռուսներն ինքնազոհաբար մեզ փորձում են փրկել, իսկ մենք դա անշնորհակալաբար չենք գիտակցում: Ստեղ հարկ է նշել, որ բուն փրկությունը սցենարում չկար, ըստ սցենարի ընդամենը Մոսկվայի իմիջը պիտի բարելավվեր, դա պիտի զեկուցվեր շեֆին, որի դիմաց շեֆը մեր «ընդդիմադիրներին» թույլ կտար մի քիչ էլ մասնակցեին համայն ռուսիո քվանտային սուպերպոզիցիոն թալանին:
Փաստացի ոչ մի նոր բան չկա: Մի կողմից «անգլիական հրանոթն» է, մյուս կողմից էլ մեզոտ նիզակները, ուղղակի տվյալ դեպքում կույսերը ֆեյսում ջանասիրաբար Լավրովի մուտիտը որպես աշխարհացունց բացահայտում ներկայացնող օգտատերերն էին, մեզն ըստ շաբլոնի գրված միանման ստատուսները, դե մեզով օրհնվող նիզակներն էլ մանդատները սրբության պես պաշտող փրկիչներն են:
Ի՞նչ ա անում նենգ «անգլիան», որին տվյալ դեպքում կարող ենք անվանել «այլընտրանքային իրականություն»: Այլընտրանքային իրականությունն ի հայտ է բերում այն փաստը, որ Լավրովը ստում է, որ Ալմա Աթայի հռչակագրով Արցախը Ադրբեջանի մաս չի ճանաչվել, որ Արցախը Հայաստանի հետ մեկտեղ հռչակագրից ամիսներ առաջ դուրս է եկել Սովետական միությունից առհասարակ և, որ հռչակագիրը վավերականացնելիս Հայաստանը այն Արցախի մասով վերապահումներով է վավերականացրել: Էս պահին երկու գոյություն ունեցող զուգահեռ իրականություններից մեկը ցնդում է՝ Ալմա Աթայի հռչակագիրը էլ չի կարում համ ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում համ էլ չճանաչի: Ընդամենը պետք էր Շրյոդինգերի կատուն մարմնավորող հռչակագիրը հանել ու դիտարկել:
«Անգլիացիքի» ամենահին, ամենափտած ու ամենատխմար հրանոթն էլ հելնում, «ընդդիմադիրներին» առաջարկում է Արցախի անկախությունը ճանաչել, ոչ թե ինչ որ դեմագոգիկ ռեզոլյուցիա ընդունել: Ըտեղ նորից երկու իրականություններ են բախվում են իրար ու դրանցից մեկը հոդս է ցնդում: Հոդս ցնդում է այն իրականությունը որում Արցախի կարգավիճակը որևէ նշանակություն ունի «ընդդիմադիրների» համար: Այն հոդս չի ցնդում, որովհետև Լավրովն իրոք ստել է, կամ որ կույսերը լրբեր էին, նիզակները՝ մինչև քոքը մաշված էին, իսկ մեզը` հասարակ շեռ, ո´չ, ուղղակի մի դիտորդը ավելի բարձր է գտնվում կյանքի բուրգում, քան` մյուսը: Իսկ բարձրից ավելի շատ բան է երևում, օրինակ Շուշիին խփող Իսկանդեռը...
Տվյալ դեպքում ավելի բարձր նստող դիտորդը «տեսել» է այն ինչ լրբերը անհասկանալիորեն չեն տեսել, մասնավորապես՝ Փարուխը, Հին Թաղերը, խաղապահների կողմից գերի հանձնված զինվորներին, Հայաստանից միջանցք պահանջող ՖՍԲ-ի նամակը, անպատասխան նամակից հետո սեպտեմբերի 13-ի հարձակումը, ՀԱՊԿ-ի վարքագիծը, Լուկոշենկոյի ելույթները և այլն և այլն... 2008 թվականից ի վեր մինչ օրս լիքը բավականին ակներև բան: Տեսել է ու ցանկացել է որոշել, որ էս կույսերը կույս չեն՝ լիրբ են: Կույր լրբեր են, ու որ էս լրբերի առաջարկվող ցանկացած «իրականություն» չի կարա գոյություն ունենա, այնպես ինչպես կույրը չի կարող տեսնել, անկախ նրանից, թե ինչքան արհեստավարժ է նա ներկայացվում «իրականությունը»:
Լավրովն ինչ ասի հայերը հակառակն են ընկալելու, զուտ որտև նկատել են, որ նա էլ է իր ենթակաների պես «կույր»: Չկա իրեն լսելու իմաստ: Ու կապ չունի ինքն ինչ է ասում: Տվյալ պարագայում Լավրովը, եթե խելք ունենար, պիտի փորձեր ստեղծել մետա իրականություն ու այն սղցներ մեզ: Օրինակ` նա, հասկանալով, որ իր ամեն ասած հակառակ էֆեկտ է տալիս, պիտի հելներ, ասեր` «դե ով չգիտի, որ Մոսկվան ծախել է հայերին»: Մարդ ես կարող ա կասկածամիտ հայերը մտածեին, որ ստեղ էլ ա նա մեզ խաբում... Սակայն դրա փոխարեն լավրովենք նորից կնախընտրեն ադրբեջանցիքին քսի տալ մեր վրա ու դա անելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ուզում «տեսնել» ու ընդունել այն գոյություն չունեցող իրականությունը, որը նրանք են մեզ պարտադրում: Իրականություն, որտեղ Արցախի մնացորդը մնում է օդում կախված, Մեղրին տրվում է Ադրբեջանին, հայկական գյուղերը հետզհետե հանձնվում են Ադրբեջանին` մանր առևտրի շնորհիվ, մեզ մոտ էլ շարունակվում է քվանտային սուպերպոզիցիոն թալանը՝ լափվում է ամեն ինչ, ամեն տեղ ու անդադար, մինչև մոլիբդենի վերջին գրամը...
Հ.Գ. Իմիջայլոց 5,000 անգլիացիք 800,000 չինացու դեմ մարտելիս կոցրել են ընդամենը 69 զինվոր: Ամեն դեպքում շնորհավորում եմ բոլորիս: Քալիֆորնիայում տեղի ունեցած բացահայտումը մեծ հորիզոն է բացում խելք ու կամք ունեցող մարդկանց համար: Էս տարվա Նոբելյանն էլ նույն թեմայի համար տվին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր