ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նման դեպքերի կրկնությունն ու հումանիտար աղետն անխուսափելի են»․ ԱՀ ՄԻՊ
15:36, 03.12.2022 | mamul.am
6409 | 0

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գրառումը. «Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է:
2022 թվականի դեկտեմբերի 3-ին կեսօրից հետո ադրբեջանական կողմը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ Շուշիի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Այս պահին Արցախի 120 հազար ժողովուրդը ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև, որի հանցավոր պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են:
Հրադադարի հաստատումից ի վեր բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակով ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրանց գործունեությունը խափանելուն ուղղված գործողությունների, որոնք Արցախը էթնիկ զտման ենթարկելու ընդհանուր քաղաքականության բաղադրիչներն են: Ավելին, նույնիսկ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով:
Նման վտանգների կրկության վերաբերյալ ահազանգել ենք տարբեր հնարավոր խողովակներով ու միջոցներով: Պատշաճ ու հասցեական կանխարգելման բացակայության հետևանքով էլ ադրբեջանական կողմը գործում է անպատժելիության վարքագծով, որին վերջնականապես պետք է վերջ դրվի:
Ուստի, հորդորում ու պահանջում եմ միջազգային հանրության հիմնական դերակատարներից հասցեական ու կոշտ քայլերով ձեռք առնել պատժիչ ու կանխարգելիչ միջոցներ, այլապես նման դեպքերի կրկնությունն ու հումանիտար աղետն անխուսափելի են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր