ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -3 °C ... +3 °C Վաղը`0 °C
«Փաշինյանն Ալիևին հասկացնում է, որ կբավարարվի 29.800 քկմ-ով, բայց Ալիևը նույնիսկ դրան համաձայն չէ». Բագրատյան
22:42, 03.12.2022 | mamul.am
2428 | 0

Որևէ խաղաղության պայմանագիր՝ առանց զուգահեռ, նույն վայրկյանին կնքվելիք սահմանազատման մասին փաստաթղթի կամ դրույթի, մեզ համար անընդունելի է։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ստանալու է ոչ միայն Արցախը և նույնիսկ միջանցքը, այլև օրինականացնելու է մոտավորապես մինչև 1000 քառակուսի կմ տարածք, որն օկուպացրել է ՀՀ-ում։ Պետությունն ընդունել է մոտ 210 քառակուսի կմ-ի կորուստը՝ նախ 42, ապա 167 քառակուսի կմ-ի զավթումը։ Նրանք մոռանում են, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները հենց այնպես տվել են Ադրբեջանին, հետո էլ հիմնավորել, որ այդ ճանապարհներն իբր նրանցն են։ Ինչպե՞ս կարող էր խորհրդային տարիներին կառուցված ճանապարհն անցնել Ադրբեջանի տարածքով։ Մոտ երկու ամիս առաջ թուրքական «Սաբահ» թերթը գրեց, որ իր տվյալներով՝ Ադրբեջանը ՀՀ-ից զավթել է մոտ 2300 քառակուսի կմ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Այս իշխանությունը 4-5 անգամ փոքրացնում է զիջած հողի մակերեսը։ ԱԳ նախարարը խոսում է 140 քառակուսի կմ զավթված հողերի մասին, բայց ուշադիր չի լսում ՊՆ-ին, որը երկու հաջորդական թիվ է հրապարակել՝ նախ 42, ապա 167 քառակուսի կմ, գումարն անում է 209 քառակուսի կմ։ Իրենք ընդունում են, որ Սև լճի, Իշխանասարի հատվածում հողեր ենք զիջել, բայց մոռանում են, որ Գորիսից Ճակատեն ևս շատ բան զիջված է։ Ոչ միայն ճանապարհներին, այլև, օրինակ, Ներքին Հանդի հատվածում նրանք կիլոմետրերով առաջ են եկել։ Այս պայմաններում սահմանագծում չի կարելի անել։ Պետք է լինի երկրորդ փաստաթուղթ, որն ասում է, թե ինչ սկզբունքներով, ինչ քարտեզների ու պայմանագրերի հիման վրա են ճանաչվում փոխադարձ սահմանները»,- ասաց քաղաքական գործիչը:

«Հայաստանը պնդում է, որ պետք է ճանաչվեն խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները։ Պուտինն առաջարկում էր հիմնվել 1926 թ. քարտեզների վրա։ Բայց Ադրբեջանը դա էլ չի ընդունում, ուրեմն՝ ինչների՞ս է պետք խաղաղության պայմանագիրը։ Առանց սահմանազատման՝ խաղաղության պայմանագիրը, բացի Արցախից, Ադրբեջանին կտա ևս առնվազն 1000 քառակուսի կմ հող։ Մենք իբր ժողովրդավարական պետություն ենք, բայց քանի անգամ վարչապետին կամ ՊՆ-ին հարցրել ենք՝ մեր Զինված ուժերն այսօր քանի՞ քառակուսի կմ են տնօրինում, պատասխան չկա։ Պատահական չէ, որ 100 քառակուսի կմ-ի համար Փաշինյանը կռիվ չէր տա, և ՄԱԿ-ի ու այլ ամբիոններից խոսում է 29 հազար 800 քառակուսի կմ-ից։ Սրանով նա Ալիևին հասկացնում է, որ այսքանով բավարարվող ենք, բայց Ալիևն անգամ դրան համաձայն չէ»,- նշեց Բագրատյանը:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Փաշինյանն օրինականացնում է Ալիևի հավակնությունները ՀՀ-ի տարածքի նկատմամբ և համաձայնեցված աշխատում է նրա հետ. «Լավրովի վերջին բացահայտումներին ավելի շատ պիտի Ադրբեջանը դեմ լիներ, քանի որ նա հստակորեն ասում է՝ ՌԴ-ն չի ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, բայց քանի որ Հայաստանը դավաճանական մոտեցում ունի այս հարցում, իրենք ի՞նչ կարող են անել։ Այլ բան, եթե այս հայտարարությունը Լավրովն աներ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Նա դա ասում է մինչև այդ՝ զգուշացնելով հայ հանրությանը։ Քանի որ նա գիտի՝ ինչ բան է ՀՀ իշխանությունը, նրա հայտարարությունն ուղղված է ոչ թե իշխանությանը, այլ հայ հանրությանը և ընդդիմությանը, նա հարցնում է, թե մեր մեջ էներգիա կա՞ պաշտպանելու Արցախը։ Այս ամենը շատ ամոթալի է մեզ համար, այսօր ճիշտ ժամանակն է Ստեփանակերտում նոր հանրահավաք անելու։ Միանգամայն ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրի ամերիկա-ֆրանսիական տարբերակով Արցախի կարգավիճակի հարց չի քննարկվում, ավելին՝ կա նաև միջանցքի հարց»:

«Միջանցքի բացումն այլևս անկասելի է արևմտյան տերությունների համար, քանի որ նրանք այսօր ծայրահեղ ուզում են փակել Հայաստան-Իրան սահմանը, հավանաբար նաև քննարկում են, թե ով է լինելու այդ միջանցքի տերն ու տիրականը։ Ռուսական տարբերակով Արցախն Ադրբեջանի կազմում չի թողնվում, չկա նաև միջանցք։ Մի քանի անգամ ռուսները հայտարարել են, որ ՀՀ ինքնիշխան տարածքն անխոցելի է, հիմա արդեն հասկացել են, որ միջանցքն էլ Իրանի դեմ է։ Վերջին մեկ ամսում՝ Թուրքիայի կողմից Ուկրաինային հրթիռային համալիրների մատակարարումից հետո, ռուսները զգույշ, բայց հակաթուրքական օրակարգ են սկսել»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Փաշինյանն Ալիևին հասկացնում է, որ կբավարարվի 29.800 քկմ-ով, բայց Ալիևը նույնիսկ դրան համաձայն չէ». Բագրատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր