ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև». Քրիստինե Վարդանյան
10:12, 04.12.2022 | mamul.am
3705 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև:

Գեղարքունիքում էինք, այդ թվում նաև սեպտեմբերի 13-ից հետո սահմանապահ դարձած բնակավայրերում:
Երևանից ընդամենը 160 կմ կամ մոտ 2 ժամ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում այլ իրականություն է:
Բնակիչներից մեկն ասում է. «Կանայք էրեխուն քնացնում են, բայց աչքը վրան են պահում, որ հենց բան լինի՝ միանգամից վերցնեն ու տանից դուրս գան»:
Այս իրականությունում կա ամեն ինչ, բացի պետությունից, որի ներկայությունը պետք է դրսևորվի իր քաղաքացիներին պաշտպանելու նվազագույն պարտավորության կատարմամբ:
Նկարում սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների արդյունքում զոհված Արեգունի գյուղի բնակիչ Վահագն Հակոբյանի երեխաների հետ եմ: Զոհվածի մայրն ասում է. «ես միայն արդարություն եմ ուզում»:
Այս տանից մի փոքր հեռու մեկ այլ տուն էլ կա, անհետ կորած համարվողի տունը: Անհետ կորած, ում ենթադրյալ մարմնի գտնվելու վայրը հարազատները գիտեն, բայց այն չեն կարողանում դուրս բերել Հայաստանի ինքնիշխան, բայց թշնամու փաստացի վերահսկողության տակ գտնվող հատվածից:
Եվ ոչ մի տարբերություն Հայաստանի Վարդենիս քաղաքի կամ Արցախի Ստեփանակերտի միջև: Երկու տեղում էլ իրենց տունը լքել չցանկացող, այն պաշտպանելու պատրաստ, բայց մենակ մնացած մարդիկ են:
Քաղաքացիներին պաշտպանելը պետության առաջնային պարտականությունն է, բայց մեր դեպքում փաստացի ղեկավարող ուժը հրաժարվել է իր առաջնային պարտականությունից` այդպիսով խզելով քաղաքացու և պետության միջև գոյություն ունեցող պայմանագիրը:
Այս պարագայում այս հոգսը մնում է անհատների ու ազգային ուժերի լուծման դաշտում: Սա էլ արդեն առանձին զրույց է այն մասին` ինչպես կարող են ազգային ուժերը ձեռք բերել անհրաժեշտ ռեսուրս կարևոր խնդիրներ լուծելու և ենթակառուցվածքներ ստեղծելու համար:
Ամեն դեպքում մի բան պարզ է. յուրաքանչյուրիս համար գործելու հսկայական դաշտ կա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր