ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ի՞նչ է կատարվում Լաչինի շուրջ». Հակոբ Բադալյան
16:42, 06.12.2022 | mamul.am
3773 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ինչ է կատարվում Լաչինի շուրջ

Այն, որ Լաչինի միջանցքը Ռուսաստանը դիտարկել ու դիտարկելու է անհրաժեշտության դեպքում թուրքերի ու ադրբեջանցիների հետ սակարկության առարկա, ինձ համար ենթակա չէ կասկածի: Ռուսաստանն ունի գերխնդիր՝ թույլ չտալ Կովկասում նոր բռնկում, որը կարող է լինել իր համար վերջինը:

Ինչքան էլ հնչի տարօրինակ, նույն խնդիրն ունենք մենք, որովհետև նոր պատերազմը, որը ՌԴ համար կլինի վերջինը (իսկ հնարավոր է նաև՝ ոչ), մեզ համար ցավալիորեն վերջինը կարող է լինել ավելի մեծ հավանականությամբ (հայցում եմ ֆեյսբուքյան կամ քաղ-փորձագիտական գեներալիտետի ներողամտությունն այդ կարծիքիս համար):

Մեզ համար իրավիճակը բարդանում է նրանով, որ Ռուսաստանը դարձյալ մեր հաշվին է փորձելու «հետաձգել» իր համար «վերջինը» լինելու ռիսկ պարունակող մեծ պատերազմը, որի բուն մոտիվը, իհարկե, լինելու է Իրանը: Այդ բարդ իրավիճակում Հայաստանում արդեն իսկ հնչում են սուր քննադատություններ Ռուսաստանի հասցեին՝ թե չփորձես «ծախել» կամ «հանձնել» կամ չգիտեմ՝ ինչ անել Լաչինը: Կներեք, բայց սա ոչ միայն լուրջ չէ, այլ նույնիսկ չափազանց վտանգավոր: Այո՛, ամեն վատ բան կարող է «դուրս գրվել» Ռուսաստանի վրա, թե՛ միանգամայն հիմնավոր ու արդարացի, թե՛ նաև բավականին հմուտ քաղտեխնոլոգիական հաշվարկով: Ի վերջո, ռուսներն այս ռեգիոնում աշխարհաքաղաքական իմաստով հայտնվել են այն վիճակում, ինչ վիճակում «նախկին իշխանությունը» Հայաստանի ներքաղաքական առումով, այսինքն՝ միանգամայն հարմար «դուրսգրման» օբյեկտ:

Եվ այդ վիճակում նրանք հայտնվել են, իհարկե, առաջին հերթին իրենց քաղաքականության հետևանքով, բայց մեզ համար ի՞նչ տարբերություն: Մեզ համար կա մեկ խնդիր, անել առավելագույնը, հնարավորն ու անհնարինը, որպեսզի չստեղծվի ռուսների վրա մեր որևէ կորուստ «դուրս գրելու» իրավիճակ:

Իսկ դրա համար, ըստ իս, դարձյալ կարևոր եմ համարում բարձրացնել հարցը մյուս բոլոր «խաղաղարար միջնորդների» առաջ՝ ի՞նչ է Լաչինի միջանցքը ձեզ համար: Դուք պատրա՞ստ եք այդ հարցում կանխել ռուս-թուրքական որևէ առևտուր, թե՞ հակառակը՝ սպասում եք դրան, որ հետո հայ ժողովրդին ուղղակի, թե անուղղակի ասեք՝ տեսա՞ք, էլի ռուսները գցեցին ձեզ:

Մենք դա գիտենք՝ անկախ նոր «գցոցիների» ծավալից ու ժամանակից: Մենք, որպես պետություն ու հանրություն պետք է հարց դնենք «չգցողների» առաջ, ոչ թե մյուս կողմից էլ նրանց ալիբին ապահովենք այն մտայնությամբ, թե բա մենք ռուսներին ռադ չենք անում, ուրիշները մեզ ինչո՞ւ օգնեն: Կներեք, մեզանից հազարապատիկ ուժեղ են բոլոր առումներով, իրենք այս ռեգիոնից ռուսներին ռադ չեն անում, մե՞զ են դնում դա անելու պարտավորության առաջ՝ որպես օգնության պայմա՞ն:

Կրկնեմ, հատուկ շատերի համար: Սա Հայաստանի քաղաքակրթական ընտրության հարցը չէ: 2016-ից հետո ու 2018-ից հետո առավել ևս բազմիցս ասել եմ՝ Հայաստանի քաղաքակրթական ընտրության հարցն այլևս բացառապես մեր ներքին կյանքում է:

Սա Հայաստաննի ու Արցախի անվտանգության հարց է և այդ հարցն աշխարհաքաղաքական դիմակայության արանքում հերթական անգամ չճզմելու խնդիր:

Ու այդ խնդիրն այսօր պահանջում է պատասխանատվության առաջ դնել ԲՈԼՈՐԻՆ, որոնք այս ռեգիոնում կռիվ են տալիս իրենց ռազմավարական հաջողության համար»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր