ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+2 °C, -3 °C ... +2 °C Վաղը`0 °C
«Իշխանությունը ֆիքսել է ընդդիմության կոպիտ սխալը». Վահե Հովհաննիսյան
15:48, 07.12.2022 | mamul.am
1793 | 0

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին

Այսօրվա ներքաղաքական բարքերը շատ նման են Թումանյանի հանրահայտ հեքիաթի հարաբերություններին։ Ամեն անգամ դատախազը գալու է մի պատգամավորի հետևից կամ սպառնալու է, որ կգա։ Ու ամեն անգամ ընդդիմությունն իր շարքերից պիտի մի «կուկու ձգի»։ Մեկին՝ անձեռնմխելիությունից զրկել, մյուսին՝ ՍԷԿՏ-ը փակել, երրորդին՝ քրեական գործ, կամ՝ ապօրինի գույքից զրկման ընթացակարգ և այլն։

Իշխանությունը ֆիքսել է ընդդիմության կոպիտ սխալը, այն է՝ ներկա ընդդիմադիր ձևաչափերը չեն ուզում արտահերթ ընտրություններ, ամեն գնով խուսափում են։

Եթե խորհրդարանական համակարգով երկրում ընդդիմությունը չի ուզում արտահերթ ընտրություններ, ապա իշխանությունը միանգամից արհեստականորեն ուժեղանում է։

Իսկ հանրային կառավարելի տրամադրությունների համար իշխանությունն ապահովելու է տեսարաններ՝ ընդդիմադիր, երբեմն՝ յուրային պատգամավորների, գործիչների վրա քրեական գործեր, գույքի և ունեցվածքի ցուցադրման, բռնագանձման տեսարաններ։ Սա՝ լայն զանգվածների համար:

Զուգահեռ ձևավորվում է «ապօրինի գույքերի» և քրեական գործերի ստվերային շուկա, որտեղ կարող են տեղի ունենալ գործարքներ՝ ունեցվածքային հարցերի, ինդուլգենցիաների, պայմանավորվածությունների և այլն։ Լայն հանրությանն ու տարբեր ընտրազանգվածներին սրանց մասին արդեն տեղյակ չի պահվում։

Արտահերթ ընտրության սպառնալիքը և դրան պատրաստ ընդդիմադիր ձևաչափերը քաղաքական ստվերային շուկայի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ միջոցն են։

Երբ ընդդիմադիր ձևաչափերը խուսափում են արտահերթ ընտրությունների գաղափարից, գործող իշխանությունն ավելի է գռեհկանում, նրան էլ ոչինչ չի զսպում։ Պետության մաշումը և ընդհանուր դեգրադացիան ավելի մեծ տեմպ են ստանում։

Նույնիսկ զուտ ինքնապաշտպանությունից ելնելով, որպեսզի իշխանությունն ում ուզի, երբ ուզի չբռնի, չփակի, չխեղճացնի, գործ չհարուցի, ընդդիմությունը պետք է որ խաղարկեր արտահերթ ընտրության գաղափարը, բայց նույնիսկ դա չի արվում։ Եթե ընդդիմադիր ձևաչափը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների, ապա «Մեր օրակարգին» շատ արագ փոխարինում է Աննա Վարդապետյանի օրակարգը։ Սա շատ պարզ բան է։

Իշխանությունը, դատախազությունը, ուղիղ կամ միջնորդավորված, անոնսելու են հերթական պատգամավորի հանդեպ քրեական հետապնդման մասին։ Իհարկե, հայտնի բանաձևի համաձայն, սպառնալիքի առկայությունը դրա իրացումից ավելի վտանգավոր է, և դատախազը կարող է նաև չգալ, ուշ գալ, բայց իր թիրախներին դարձնել «կառուցողական» պատգամավոր կամ այնպիսի քաղաքական միավոր, որի կազմում մարդիկ չեն ուզում դառնալ պատգամավոր։

Երկիրը վերածվում է մի մեծ դատախազության, որի ընթացքում պետականությունն ավելի՛ է քանդվելու, ընդհանուր մթնոլորտը ավելի՛ անասնական է դառնալու։ Այս և այլ պատճառներով է շատ կարևոր ունենալ նոր, ճիշտ ընդդիմադիր ձևաչափեր, որոնց օրակարգում կլինի արտահերթ ընտրության գաղափարը և որոնք իրենց բովանդակությամբ ու կառուցվածքով պատրաստ կլինեն ցանկացած պահի, այդ թվում՝ արտահերթ ընտրություններով վերցնել իշխանությունը։

Հիմնական ուրվագծերով՝ այս վիճակը նման է Վրաստանում Սաակաշվիլիի կառավարման վերջին փուլին։

Իրականությունը ծնեց Իվանաշվիլի, որը կոնսոլիդացրեց լայն շերտերին, ձևավորեց գրագետ թիմեր, հեռացրեց պարտված թիմին, առողջացրեց մթնոլորտը երկրում, ու սկսվեց վերականգնման դժվար ու համառ ճանապարհը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր