Օրերս Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել «Ալմաթին իմ սրտում-2022» (Almatym Juregimde-2022) երիտասարդ կատարողների երգի միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթին մասնակցել են աշխարհի 12 երկրից 15 երիտասարդ կատարողներ։ Մրցույթում Հայաստանը ներկայացրել է երիտասարդ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և արժանացել մրցույթի առաջին մրցանակին։ Մրցութային առաջին օրը Սյուզաննան կատարել է Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգը։ Իսկ երկրորդ օրը՝ մրցույթի կանոնների համաձայն, կատարել է ղազախ կոմպոզիտորի ստեղծագործություն՝ Ղազախստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եղել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, որը նաև ժյուրիի կազմում էր։ Սյուզաննան ապրում է Երևանում, վոկալ տվյալները նրան փոխանցվել է տատիկից։ 2017-ին նա Հայաստանը ներկայացրել է Նովոռոսիյսկում տեղի ունեցած «Морской узел» մրցույթում ու գրավել առաջին հորիզոնականը։ Նույն թվականին՝ «Նոր ալիք» մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 2021 թվականին հաղթող է ճանաչվել «Ну-ка все вместе» հեռուստաշոուում։ |