ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Գործող իշխանությանն այլընտրանք կարող է լինել որակապես նոր ընդդիմությունը». Գոռ Գևորգյան
23:24, 09.12.2022 | mamul.am
2936 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Խաղաղության դարաշրջանը» և «ջայլամի էֆեկտ»-ը

Արցախյան վերջին պատերազմի թողած վերքերն անգամ չեն հասցրել սպիանալ, դասերը մնացել են անավարտ, հետևանքները չհաղթահարված, իսկ մեզանում շատերը՝ դիրքավորվում են օտար մի երկրում միջմարզային գնացքից ուշացած և տեղի կայարանի տոնածառի լույսերով հիացածի կեցվածքով...

Ամենևին չցանկանալով անդրադառնալ առնվազն տարակուսանք առաջացնող ներքաղաքական իրողություններին՝ հարցադրման սլաքները կցանկանայի ուղղել դեպի արտաքին քաղաքական մարտահրավերները: Դժվար է կռահել թե որքանո՞վ է մեզանում ընկալվում հետպատերազմական ահագնացող վտանգները, Արցախի ու Հայաստանի գոյաբանական սպառնալիքները, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ հայկական պետականության առջև ծառացած օրհասական խնդիրներն արտաքին աշխարհն իր շահերի համատեքստում ավելի լավ է ընկալում, քան մեզանից շատերը, այլ կերպ ասած, այդ հատվածը տառապում է «ջայլամի էֆեկտ»-ի ախտորոշմամբ: Հայկական իշխանությունների «քաղաքական երգեհոնիկը» պետք է դադարի պատրանքների երաժշտություն արտաբերել և հստակ ձևակերպի օրվա հրամայական սպառնալիքները, դրանց դիմագրավելու ճանապարհներն ու գործիքակազմը: Արդեն երեկ պետք է լիներ կոնսոլիդացված հայկական հանրությունը, եթե իրականում ամբողջապես ընկալեր վաղվա վտանգը:

Նշվածի այժմեականությունն ամբողջությամբ համադրելի է պաթոսախեղդ եղած և հայկական իրականությունից հեռու գտնվող «խաղաղության դարաշրջանի» ձախողման գործընթացի հետ: Հանուն ճշմարտության, կարելի է արձանագրել, որ վերջին 43 տարիների առարկայական «խաղաղության դարաշրջան»-ի օրինակներ են 1978թ. Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրված Քեմփդևիդյան համաձայնագրերը և 1979թ. եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագիրը: Խաղաղությունն այնպես, ինչպես վերը նշված երկու երկրների դեպքում, մեր պարագայում ևս կլիներ լավագույն ձեռքբերումը տևական ռազմական հակամարտությունից հետո «խորը շունչ քաշելու համար», բայց ունենք այն, ինչ ունենք: Ցավոք չունենք 1973թ. արաբ-իսրայելական պատերազմին հաջորդած եգիպտա-իսրայելական ռազմաքաղաքական իրողությունների «status quo»-ն, ունենք սողացող ադրբեջանա-թուրքական ծավալապաշտություն և դրան հակազդող, խոստացված, բայց խոտանված «Պֆալցյան կամ Մոսկովյան» ծրագրերի նման մի բան:

«Խաղաղությունը» գրքային ճշմարտությամբ, ունի իր տրամաբանությունը, փիլիսոփայությունը և, ամենակարևորը՝ կոնկրետ իրողությունների հետ համադրելի կամ ոչ համադրելի լինելու գործոնը:

2020թ. 44-օրյա ծանր պատերազմի արդյունքները և դրանց հետևանքները ոչ միայն արմատապես փոխեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժերի հարաբերակցությունը, այլև ռազմաքաղաքական նոր իրողություններ ստեղծեցին մեր տարածաշրջանում: Ադրբեջանա-թուրքական սերտաճած համագործակցությունը և թուրքական ներկայության նորովի ակտիվացումը Հարավային Կովկասում, ուկրաինական պատերազմը, Իսրայել-Իրան դիմակայությունը և նաև դրանով պայմանավորված Թեհրանի շուրջ զարգացումները, Արցախի կարգավիճակի հարցը և Հայաստանի անվտանգային հիմնախնդիրները մաս են կազմում տարածաշրջանի արդի աշխարհաքաղաքական խճանկարին: Ակներև է, որ գործընթացները մեր տարածարջանում էլ ավելի են արագացել: Ենթադրաբար, դա տարածաշրջանում տարբեր ուժային կենտրոնների քանակական և որակական նորորակ ներկայության գերակտիվության դրսևորման արդյունքն է, որը լինելու է շարունակական:

Նշվածի ցցուն օրինակներից է սույն թվականի դեկտեմբերի 5-ին Իրանի սահմանների հարևանությամբ մեկնարկած «Եղբայրական բռունցք» ադրբեջանա-թուրքական լայնածավալ զորավարժությունները, որոնց ուղերձի առաջին հասցեատերը բնականաբար Իրանն է, սակայն մենք ևս առերեսվում ենք այն չափազանց վտանգավոր և հավանական զարգացումներին, որոնք կարող են վերաճել նոր՝ ավերիչ պատերազմի:

Ձեռնպահ մնալով ապոկալիպտիկ վարկածներից, և ապավինելով բացառապես պատմաքաղաքագիտական ուսումնասիրությունների փորձին, չի կարելի բացառել, որ Իրանի մասնակցությամբ հավանական ռազմական գործողությունները կարող են ներքաշել Հայաստանը մշտատև ճգնաժամի մեջ և հանգեցնել երկրի «սոմալիականացմանը»: Նման ողբերգական իրողությունների արդեն իսկ բախվել են Սոմալին, Սիրիան, Եմենը, այն կարող է սպառնալ նաև Ուկրաինային և այլն: Ըստ էության՝ «Եղբայրական բռունցք» զորավարժություններով ադրբեջանա-թուրքական կողմը շոշափում է նաև թե՛ իրանական, և թե՛ հայկական ռազմաքաղաքական ղեկավարության զգոնությունը՝ հասկանալու համար նաև միջազգային հանրության արձագանքը:

Օրերս Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումները փաստում են Ադրբեջանի շտապողականության մասին՝ Հայաստանի և Արցախի մասով իր իսկ հնչեցրած սպառնալիքներն իրականություն դարձնելու հարցում: Վերը նշվածի տրամաբանական շղթայի մաս է «Եղբայրական բռունցք» զորավարժությունները, նաև այն, որ հենց այս փուլում նորից ակտիվացել է պայմանական ասած «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և, կարծում եմ՝ պատահական չէ, որ նշված զորավարժությունների համատեքստում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերահաստատեց Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղություն հաստատելու» թուրքական աջակցության հանձնառությունն ու պատրաստակամությունը:

Իրավիճակն իրապես բարդ է, սպառնալիքներն ահագնացող, իսկ ժամանակը, գրեթե ինչպես միշտ, աշխատում է ի վնաս մեզ: Նման իրավիճակում անչափ կարևոր է, ոչ միայն իշխանությունների, հասարակական գործիչների կողմից ժողովրդին եկող ազդակները, այլև կոնկրետ մեր դեպքում՝ 44-օրյա պատերազմից հետո, թե ինչպես է հանրության ստվար հատվածն ընկալում և գնահատում անվտանգային հարցերը, պատերազմական սպառնալիքները և արտաքին մարտահրավերները:

Վարքագծային տնտեսագիտության մեջ հաճախ օգտագործվում «Ջայլամի էֆեկտ» հասկացությունը, որը ենթադրում է կոգնիտիվ խանգարում, և այն կիրառելի է նաև հասարակական և քաղաքական տարբեր իրավիճակները նկարագրելիս:

«Ջայլամի էֆեկտ»-ով տառապող հասարակությունները կամ դրանց մի մասն ունեն իրենց բնորոշող հոգեվիճակը, որի հիմքում ընկած են ակնհայտ վտանգներն արհամարհելը և ձևացնելը, կարծեք թե այդ վտանգները գոյություն չունեն: Պետության սահմանին իրենց դեմ ուղված հրանոթները անգամ չեն կարող շեղել նրանց՝ մեծ խանդավառությամբ տարբեր փառատոներին և կոլեկտիվ տոնախմբություններին մասնակցելու տենչանքից և վայելքներից: Արտահայտության պատկերավոր այս իմաստն զուգակացվում է վտանգին առերեսվելու փոխարեն գլուխը կտուցով ավազը խրելու ջայլամի սովորության հետ: Ֆենոմենի անվանումը տեղի է ունեցել տարածված առասպելից, որ ջայլամներն իրենց գլուխը թաքցնում են ավազի մեջ՝ զգալով վերահաս վտանգը և սպառնալիքը:

Պատմության հաղթական էջեր կերտած և ի տարբերություն հազարավոր այլ ժողովրդների՝ պետականություն ունեցող հայ ժողովրդի հավաքական կերպարը չպետք է որևէ առնչություն ունենա «Ջայլամի էֆեկտ»-ի հոգեվիճակով պարփակված հանրության հետ, դա անթույլատրելի է և դատապարտելի է հենց գալիք պատմության կողմից:

Մաս կազմելով խաղաղասեր ժողովրդների միջազգային ընտանիքին, մենք պետք է նաև աշխարհին ցույց տանք, որ պատրաստ և զորավիգ ենք պաշտպանելու սեփական անվտանգությունը, ինչպես դա արել ու անում են տարածաշրջանի այլ պետություններ և ժողովուրդներ (օրինակները հաշվելի են): Այս հանգամանքի հետ ստիպված կլինեն հաշվի նստել նաև ադրբեջանա-թուրքական կողմը և հավանական զարգացումների վրա հեռվից խաղադրույք կատարող տարբեր խոշոր ուժային կենտրոններ:

Ամփոփելով վերոգրյալը կարող ենք արձանագրել հետևյալը. 1. Հայաստանը և Արցախն այլևս աշխարհաքաղաքական մեծ շահերի բախման վտանգավոր կիզակետում են և տարածաշրջանում վրա հասնող ռազմական բախման աղետալի փոթորիկի վտանգը թերևս պահպանվում է, իսկ հանրության մի մասը շարունակում է տառապել «Ջայլամի էֆեկտ»-ով:

2. Հայաստանը պետք է հստակ ձևակերպի իր նպատակը և վերջնարդյունքը:

3. «Խաղաղության դարաշրջան» բանաձևը, ըստ էության, այլևս ժամանակավրեպ է և չի սպասարկում Հայաստանի ու Արցախի շահերը, ավելին նրա կարճատես հռետորաբանությունը մսխեց հետպատերազմական վերականգնման համար մեզ համար անչափ թանկ ժամանակը: Սակայն հայկական օրակարգում պետք է մնան ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսելու պատրաստակամությունը, այլև Հայաստանը պետք է անցնի «պասիվ պաշտպանությունից» «ակտիվ հաշվարկի»՝ հնարավորինս խույս տալով ռազմական առճակատումից:

4. Հայաստանի ներկան և ապագան չպետք է ունենա կողմնորոշում՝ արդյունավետ արտաքին քաղաքականության գրավականը միայն դիրքորոշումն է՝ խարսխված պայմանական Արևելյան և Արևմտյան հավասարակշռված քաղաքականության վրա:

5. Առողջ քաղաքական դաշտ և պետություն ունենալու համար, գործող իշխանությանն այլընտրանք կարող է լինել որակապես նոր ընդդիմությունը՝ քաղաքական հստակ օրակարգով, մարտահրավերների հաղթահարման հստակ ճանապարհային քարտեզով ու գործիքակազմով, արհեստավարժ թիմով:

6. Բաքվում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հետ վերադարձնելու պահանջը պետք է լինի մեր մասնակցությամբ միջազգային ցանկացած հանդիպման թիվ մեկ հարցը: Այդ հանգամանքը, բացի մարդասիրական բովանդակությունից, նաև Հայաստանի խարխլված համբավի հարցն է, պետության հոգատարության ցուցիչը:

7. Հանրային համախմբումը բարոյահոգեբանական թմբիրից արթնանալու միակ գրավականն է և մեր ուժեղ ապագայի հենասյուներից մեկը:

Հ. Գ. Վերստին ամրագրում եմ պատմության պարզ բանաձը՝ խաղաղությունը նվաճվում է միայն պայքարով, հակառակ դեպքում դա անձնատուր լինելն է, որից հետ դարձը կարող և երբևէ չլինել»:

Աղբյուրը` Գոռ Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր