ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ես նախանձում էի խելացիներին և անկանխատեսելի դարձա». այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
12:00, 09.01.2023 | mamul.am
2494 | 0

«Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ բան սիրել: Մարդկանց եմ շատ սիրել և նրանց շատ պարտական եմ: Գորշության հանդեպ անհանդուրժող էի: Ամենանորաձև գույնն էր: Ժամանակի անհրաժեշտությունը». Սերգեյ Փարաջանով

Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է՝ 99-ամյակը։

Փարաջանովը ծնվել է Թիֆլիսիում: 1932-42թթ սովորել է Թբիլիսիի թիվ 42 միջնակարգ դպրոցում, 1942-45թթ` Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանի ջութակի և վոկալի բաժիններում: Միաժամանակ պարի դասեր է վերցրել Օպերային թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում: 1951թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ի.Սավչենկոյի արվեստանոցը: Մասնակցել է Ի.Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948թ.) և «Տարաս Շևչենկո» (1952թ.) ֆիլմերի ստեղծմանը: 1951թ-ից որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է Կիևի կինոստուդիայում, ուր 1954թ. նկարահանել է իր անդրանիկ լիամետրաժ «Անդրիեշ» կինոնկարը (Յ.Բազելյանի հետ), ապա` «Առաջին տղան» (1958թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962թ.): 1964թ. նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերներ» կինոնկարը: Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և ռեժիսորին հռչակ բերել: Ֆիլմն արժանացել է Կիևի համամիութենական, Մար դել Պլատայի կինոփառատոների մրցանակների, Սալոնիկի կինոփառատոնի ոսկե մեդալի, Բրիտանական կինոակադեմիայի և այլ մրցանակների:

1969թ. «Հայֆիլմ»-ում նկարահանած «Նռան գույնը» կինոնկարը հաստատել է կինոռեժիսորի արվեստի յուրօրինակությունը և մեծ համբավ բերել նրան (ՀՀ Պետական մրցանակ, 1988թ.): Վերջին երկու ֆիլմերը ենթարկվել են Խորհրդային գրաքննությանը: Նրա ստեղծագործությանը բնորոշ է սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալն ու ներկան սնող մշակույթի ակունքների նկատմամբ, վառ պատկերայնությունը, գեղանկարչական մեծ ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը:

Երկար տարիներ բնակվել է Թբիլիսիում, որի ժամանակ նրան արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 1980-ականներին թույլատրել են նկարահանել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984թ.), «Աշուղ Ղարիբը» (1988թ., Մոսկվայի Նիկե մրցանակ, 1991թ.) ֆիլմերը, որոնք եղել են նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքը:

Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

«Ամբողջ կյանքում ինձ առաջ է մղում նախանձը: Ես նախանձում էի գեղեցիկներին և գրավիչ դարձա, նախանձում էի խելացիներին և անկանխատեսելի դարձա». Փարաջանով

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր