ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Այսօր լրանում է Բաքվի հայկական ջարդերի 33-րդ տարելիցը
14:12, 13.01.2023 | mamul.am
4534 | 1

Այսօր լրանում է Բաքվի հայկական ջարդերի 33-րդ տարելիցը: 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Դա 1988թ. փետրվարին Սումգայիթում, 1989թ. նոյեմբերին Գանձակում հայերի դեմ իրագործած ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր:
Որոշ տվյալներով՝ Բաքվի ջարդերին զոհ գնաց ավելի քան չորս հարյուր հայ, թեև զոհերի վերջնական թիվը մինչ օրս մնում է չճշտված: Բաքվի հայկական ջարդերից հետո Խորհրդային Ադրբեջանում հայ չմնաց այլևս: Մոտավոր հաշվարկներով մոտ կես միլիոն հայ դուրս եկավ Ադրբեջանից:
Ցավոք, 33 տարի անց Բաքվի իշխանությունը հետ չի կանգնել հայատյաց քաղաքականությունից: Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը բացեիբաց խոստովանում է, որ Լաչինի միջանցքի շրջափակման նպատակը Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի հեռացումն է:
Միգուցե և մեթոդները փոխվել են, բայց նպատակը մնացել է նույնը՝ ազատվել հայերից: Այդպիսին է Ադրբեջանի պատկերացրած «խաղաղությունը» հայերի հետ:
Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 1990թ. հունվարի 13-19-ի Բաքվի կոտորածի ժամանակ զոհ գնացած մեր հայրենակիցներին:
Այդ սարսափելի դեպքերը դեռևս արժանի գնահատական չեն ստացել միջազգային հանրության կողմից:
Ադրբեջանի ԽՍՀ-ում ապրող հայ ընտանիքները չեն ստացել փոխհատուցում նման վայրագությունների հետևանքով իրենց ապրուստի միջոցներից և գույքից զրկվելու համար: Նրանց իրավունքների մասին խոսելը, այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանք տանելը մեր գլխավոր խնդիրներից է:
Դա նաև կարևոր է արցախյան հիմնահարցում մեր դիրքորոշումները հիմնավորելու համար:
33 տարի անց Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայը չի կարող անվտանգ ապրել Ադրբեջանի կազում որևէ կարգավիճակով:
Ադրբեջանն իր վարած քաղաքականությամբ տասնամյակներ անց ապացուցում է դա: Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքը ինքնորոշման իրավունքի իրացումն է և դրա միջազգային ճանաչումը:
Դա է նաև տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման ճանապարհը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր