ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Հայրենական պատերազմի հերոսների հիշատակին նվիրված առաջին աղբյուր-հուշարձանը Հայաստանում
23:42, 14.01.2023 | mamul.am
3908 | 0

Հայաստանի գրեթե բոլոր մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում պարտադիր կան աղբյուր-հուշարձաններ, որոնք մեծամասամբ նվիրված են Երկրորդ աշխարհամարտում զոհված զինվորների հիշատակին։ Շատ վայրերում այդ հուշաձաններն ուխտատեղի են եղել և կան տեղի բնակչության համար։ Շատ դեպքերում դրանք պարզապես աղբյուրներ են բնակավայրի մեջ, որոնք վաղուց արդեն կորցրել են իրենց նշանակությունն ու դերը։ Սակայն պետք է նշել, որ խարհրդային տարիներին, սկսած 1940-ական թվականներից, Հայաստանում տարածվեց աղբյուր-հուշարձանների կառուցման մի նոր մշակույթ, որն ունի սկզբնավորման հստակ ժամանակ, պատմություն և հեղինակ։
1943 թվականին փարաքարցիները ջուր են քաշում իրենց գյուղ և հրավիրում են նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանին, որպեսզի վերջինս ձևավորի աղբյուրը, քանի որ այն նվիրված էր լինելու պատերազմում զոհված մարտիկների հիշատակին։ Ճարտարապետը երկար է մտածում, թե ինչպիսի տեսք տալ աղբյուրին, իր մտորումների մասին նա հետագայում գրել է․ «Ես գլխովին համակված էի իր հերոս զավակների հանդեպ ժողովրդի զգացմունքներն արտահայտելու ցանկությամբ, մտքեր շատ կային, և այսպես ստեղծվեց Հայրենական պատերազմի հերոսների հիշատակին նվիրված առաջին աղբյուր-հուշարձանը»։
Փարաքարի մարտիկներին նվիրված հուշարձանով, կարելի է ասել, ծնվեց ճարտարապետական մի նոր ժանր և մեծ տարածում գտավ, քանի որ բազմաթիվ այլ գյուղեր և քաղաքներ նույնպես ցանկանում էին ունենալ իրենց բնակավայրում նմանատիպ հուշարձաններ։ Ռաֆայել Իսրայելյանը նմանատիպ աղբյուր-հուշարձաններ կառուցեց նաև Ալավերդիում, Սիսիանում, Գորիսում, Բյուրականում, Երևանում, Աշտարակում և այլն։ Հետաքրքիր է, որ այս հուշարձանները ճարտարապետական փոքրիկ կառույցներ են իրենցից ներկայացնում, որոնց հարդարանքի մեջ կիրառվել են դասական, ազգային ճարտարապետության բազմաթիվ տարրեր, հարդարանքներ, զարդամոտիվներ և խորհրդանիշներ՝ այսպիսիով վերակենդանացնելով և կամուրջ դառնալով ժամանակակից ճարտարապետության և հայկական հին ավանդական մշակույթի միջև։

Փարաքարի աղբյուր-հուշարձանը, 1943 թ․
Ստեփանավանի աղբյուր-հուշարձանը
Ալավերդու աղբյուր-հուշարձանը
Բյուրականի աղբյուր-հուշարձանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր