ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
20:42, 18.01.2023 | mamul.am
7983 | 0

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարը՝ խաղաղ բնակչությանը թողնելով առանց գազամատակարարման:

Հունվարի 17-ի առավոտվանից Արցախում ամբողջությամբ դադարեցվել է գազամատակարարումը:
Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով դեռևս չլուծված է մնում նաև Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլդ գծի վերականգնման հարցը՝ հանգեցնելով հոսանքի երկարատև անջատումների։ Էլեկտրաէներգիայի խիստ սղության և ցրտաշունչ ձմռան պայմաններում, Ադրբեջանի կողմից գազի մատակարարման արգելափակումը նպատակ ունի առավելագույնս սրացնելու շրջափակման արդյունքում Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը։
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը գազամատակարարման խափանման հետ կապված հրատապ խորհրդակցություն է հրավիրել:

Քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար:Երեկոյան ադրբեջանական կողմը կարճ ժամանակով վերականգնել է գազամատակարարումը, իսկ «Արցախգազ» ընկերությունը իրականացրել է համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարարումն ապահովելու նպատակով, որից հետո Ադրբեջանը կրկին անջատել է գազամատակարարումը:
Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ:

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և հունվարի 17-ին կազմակերպել է Արցախում մնացած օտարերկրյա քաղաքացիների մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է։
Բուժման նպատակով Երևան տեղափոխված հիվանդներից մեկը Կարմիր խաչի միջոցով վերադարձել է Արցախ:

Շրջափակման պատճառով ծանր հիվանդներին բուժման նպատակով Հայաստան տեղափոխելը շարունակվում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։
Արցախի ԱԳՆ-ն Բաքվում հայ բնակչության ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա տարածաշրջանում չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն։ Այն պետք է վճռականորեն դատապարտվի և մերժվի միջազգային հանրության կողմից, և դրա առաջին քայլը պետք է լինի Արցախի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակման անհապաղ դադարեցումը:
Օրվա վիճակագրական թարմացումներ
12 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 144 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 445 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,900 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 14,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 38 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր