ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վարազի որս, գժտություն, մարտ, պարտություն և գլխատված թշնամի. Քարաշամբի հնագույն գավաթի առասպելական սյուժեն
22:36, 25.01.2023 | mamul.am
3664 | 0

Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հարուստ հավաքածուի մեջ հատկապես աչքի է ընկնում և անչափ արժեքավոր է 1987 թվականին Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի հնավայրի պեղումներից հայտնաբերված արծաթյա գավաթը։ Գավաթը հայտնաբերվել է «արքայական» դամբարանից, բազմաթիվ այլ թանկարժեք գտածոների հետ միասին և թվագրվում է մ․թ․ա․ 22-21-րդ դարերով։

Ի դեպ, հայտնաբերող հնագետը Վահան Հովհաննիսյանն է, որը հետագայում ավելի շատ հայտնի դարձավ որպես քաղաքական գործիչ՝ լինելով Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ։

Գլանաձև գավաթն ինքնին խոսում է տեղաբնիկների՝ մետաղի մշակման գործում ունեցած բարձր մշակույթի մասին, ինչպես նաև վկայում է հին արևելյան, Միջագետքյան և հատկապես Խեթական մշակույթի հետ ունեցած սերտ կապերի մասին։
Սակայն գավաթը հատկապես ուշագրավ է հնդեվրոպական այն առասպելական սյուժեով, որը տեղավորված է հորիզոնական վեց զարդագոտիների մեջ։ Այստեղ պատկերված է վարազի որս, ինչի պատճառով վեճ է ծագում երկու ցեղերի միջև, մարտ է տեղի ունենում և պարտված կողմի առաջնորդները մահապատժի են ենթարկվում՝ գլխատվելով, զարդագոտիներից մեկում պատկերված է նաև սրբազան զոհաբերության ծեսի տեսարան։ Այս սյուժեն կապվում է հնդեվրոպական դիցաբանական պատկերացումների հետ և ամենահին հուշարձանն է, որը պատկերագրության լեզվով վերահիշյալ պատումը մեզ է հասցրել ամբողջական տեսքով։
Քարաշամբի գավաթը ցուցադրվել է աշխարհի տարբեր թանգարաններում և համարվում է Հայաստանի պատմության թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր