ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդություններից մեկը կքննարկվի փակ. «Ժողովուրդ»
09:18, 26.01.2023 | mamul.am
2004 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության երեք միջնորդություններից մեկը խորհրդարանում կքննարկվի փակ նիստով, քանի որ այն գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել: Մյուս երկու միջնորդություններն արդեն կքննարկվեն բաց նիստով, որի ժամանակ էլ, ԱԺ պատգամավորների մեծամասնության որոշմամբ, Օհանյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից:

Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ն թեև վերջնական որոշում չունի այս մասով, բայց, ամեն դեպքում, մեծամասնությունը տրամադրված է համաձայնություն տալ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն: Պատճառն էլ այն է, որ չեն ցանկանում հակադրվել դատախազության որոշմանը: Տեղեկացանք նաեւ, որ թեեւ այս օրերին խմբակցության ներսում թեժ քննարկումներն են գնում, բայց ՔՊ-ն ամբողջ կազմով կհավաքվի միայն նստաշրջանի նախորդ օրը՝ փետրվարի 6-ին, որի ժամանակ էլ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մյուս պատգամավորներին կտեղեկացնի ընդդիմադիրների մասով խմբակցության որոշման մասին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք դեմ են ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրականացվող այս գործընթացին, գտնում են, որ անվտանգային նման լարված իրավիճակում քաղաքական «շոուների» ժամանակը չէ: Այս օրերին պարբերաբար հանդիպումներ են ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Իշխան Սաղաթելյանը, որոնք էլ որոշում են՝ ինչ հակահարված են տալու իշխող ֆրակցիային»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր