Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։ Դատախազի խոսքով՝ ներկայացված հայցով ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, խնդրում է դատարանից բռնագանձել Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, մեկ տասնյակի հասնող անշարժ գույք, միլիոնավոր դրամներ: Դատախազը հավելեց՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սևանա լճի ափին՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի վարչական տարածքում, Սեյրան Օհանյանն ունի ամառանոց, որը հաշվառված է ոմն Բենիամին Ղալեչյանի անվամբ, և որը Օհանյանի կողմից կամ նրա ցուցումով դեռևս 2010 թվականին ապօրինաբար զավթվել է. «Սևան Ազգային պարկի հաշվեկշռում գրանցված Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասը, առանց շնարարական թույլտվության, կառուցապատվել է»,- հայտնել է դատախազը: |